Երաշխավոր կողմը՝ Ռուսաստանը, չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, որի պատճառով էլ Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ շեշտելով՝ հայկական կողմին խոստացվել էր ճանապարհների, Կապանի օդանավակայանի անվտանգ շահագործում, որի դիմաց հայկական կողմը բոլոր տարածքներից դուրս է բերել զինված ուժերը։
Շեշտելով, որ խնդիրը կար դեռ սեպտեմբերից, երբ ադրբեջանական կողմը մաքսատուրքեր էր սկսել գանձել իրանցի վարորդներից՝ Սաֆարյանը տարակուսելի համարեց, որ ընդդիմությունը հիմա է ներքաղաքական իրավիճակը շիկացնում, երբ հայկական կողմն էլ իր քայլն է անում։ «Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ընդդիմության ուզածը ո՞րն է», - ասաց Սաֆարյանը։
«Եթե սա է իրավիճակը, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ 21 կիլոմետրի վրա լինելու են չորս մաքսակետերը՝ երկու հայկական, երկու՝ ադրբեջանական, սա նշանակում է, որ այդ ճանապարհը ժամանակի ընթացքում ընդհանրապես կորցնելու է իր իմաստը, որովհետև այն դառնում է որևէ տեղ չտանող ճանապարհ», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Հայերը և՛ անվտանգային, և՛ ֆինանսական նկատառումներով, բնականաբար, նախընտրելու են շրջանցող ճանապարհը, որը կառուցվել է, նույնը՝ օտարերկրացիները, իսկ ադրբեջանցիներն էլ առանձնապես անելիք չունեն գալ-գնալու, կամ էլ առավել ևս հայկական բյուջե մաքսատուրք մուծելու»։
«Չպե՛տք է Ադրբեջանին տանք Սյունիքով միջանցք պահանջելու հնարավորություն»
«Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ևս կարծում է, որ Հայաստանը չպետք է օգտվի այն ճանապարհից, որտեղ Ադրբեջանը մաքսակետ է դրել։
«Մենք դրա վերահսկողությունը եկեք ընդունենք, կորցրել ենք։ Հիմա ամոթ չի ասել, որ մենք վերահսկողությունը կորցրել ենք ճանապարհի այն հատվածի նկատմամբ, որտեղ մենք նույնպես վերահսկողություն չունեինք 1991-1993 թվականներին, երբ որ դեռևս հայկական ուժերը չէին հասել մինչև Ղուբաթլու, կամ ասեմ Սանասար։ Հիմա էս է վիճակը, և պետք է լուծումներ գտնենք։ Այո՛, մենք չպե՛տք է օգտվենք այդ ճանապարհից, մենք չպե՛տք է Ադրբեջանին տանք հնարավորություն, օգտվենք այդ ճանապարհից և դրա դիմաց ինքը մեզանից պահանջի Սյունիքով միջանք», - ասաց քաղաքական վերլուծաբանը։
Այսօր Հայաստանն այն է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հայտարարեց Հակոբյանն՝ ընդգծելով 44-օրյա պատերազմում ցավալի պարտությունը, Հայաստանի ներկայիս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքը «գումարած 30 հազար, որի անվտանգությունն ու պաշտպանությունը պատվիրակվել է Ռուսաստանի խաղաղապահներին»։
«Հիմա խորհրդարանում անդադար էս բանն է լսվում, որ «Ոորոտանի այդ հատվածում ադրբեջանցիներն են», «էդտեղ ծախվել է էդ ամեն ինչը»։ Ինչքա՞ն կարելի է սրա մասին խոսել։ Մեզ պետք են լուծումներ», - ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ պետք է առաջնորդվել, ոչ թե ցանկություններով ու երազանքներով, այլ հնարավորություններով։
«Այո՛, այս աղետալի իշխանությունների քաղաքականության արդյունքում մենք շատ բան ենք կորցրել, բայց ես ուզում եմ, որ լուծումներ գտնենք։ խորհրդարանի ամբիոնից ասված ճառերը, որ «դու դավաճանեցիր», «դու տվեցիր» ոչ ինձ է հետաքրքրում, ոչ էլ Սյունիքում ապրողին է հետաքրքրում։ Մեզ պետք են լուծումներ, և լուծումների համար ես համարում եմ կառուցված ճանապարհը։ Այո՛, լուծումներից մեկն է, և շատ լավ է, որ այդ ճանապարհը կառուցվեց, նկատի ունեմ Տաթև-Աղվանի-Սյունիք-Կապան այդ ճանապարհը։ Երկրորդ ճանապարհը հուսամ կկառուցվի, դա իրավամբ մեգանախագիծ կլինի և դա կարող է Սյունքն ամբողջությամբ փոխել, դա Սիսիանից մինչև Քաջարան, մի քիչ ներքև, այդ մեծ ճանապարհի՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորը․