Բարձրավանը երկու օր է՝ փաստացի շրջափակման մեջ է, գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, վերջին օրերին չի օգտագործվում. Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում հայ սահմանապահները գյուղացիներին արգելում են երթևեկությունն այդ ուղղությամբ։ Գյուղացիներին սահմանապահները միայն ասել են, թե ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրում՝ առանց հավելյալ բացատրությունների:
«Էս վերևով ճանապարհ ունենք, բայց էս ճանապարհը ի՞նչ, մեքենաները չեն կարա գնան, հեսա մի քիչ էլ ձյունը եկավ, վերջ, պրծավ, ամեն ինչն էլ խնդիր ա էս գյուղում, մենք արդեն մնացել ենք տուպիկի մեջ», - ասաց բարձրավանցիներից մեկը:
Բարձրավանի հիմնական ճանապարհի` փակ լինելու պատճառով հացի ու շտապօգնության մեքենաները գյուղ չեն հասնում: Այսօր են միայն Բարձրավան հաց հասցրել: Գյուղացիներից մեկը, հարազատների խոսքով, շտապ բուժզննման կարիք ունի, սակայն նրան հիվանդանոց անգամ ամենագնացով է անհնար տեղափոխել: Կինն ասում է՝ վախենում են, հնարավոր է այդ ճանապարհին նրա վիճակն է՛լ ավելի վատանա:
«Վիճակ չկա, ի՞նչ վիճակ ա, ամուսինս հիվանդ պառկած ա, ավտո չկա, որ տեղափոխենք, դա վիճա՞կ ա, հեռակա կարգով դեղեր պիտի տանք, ի՞նչ անենք: Հացը, հա, բերում են, բան չունենք ասելու», - ասաց կինը:
Գյուղացիներից մեկն էլ ապրուստի միակ միջոցից է զրկվել. գառները պետք է վաճառեր, որ գոնե սնունդ առներ, ասում է՝ հիմա ոչ ոք գրունտային ճանապարհներով գյուղ չի գալիս գառներն առնելու, չգիտի՝ ինչ է անելու: - «Չգիտենք` ինչ անենք, ո՛չ աշխատավարձ ենք ստանում, ո՛չ մեկից օգնություն ունենք ստանալու, ո՛չ էլ գոնե քո ապրանքն ես կարողանում ծախես, որ գոնե հաց առնես ուտես: Ի՞նչ ասեմ, շատ դժվար ա»:
Գյուղ նաև ուսուցիչներն են մեծ դժվարությամբ հասնում: Նրանց մի մասը Գորիսից է այստեղ գալիս. գրունտային ճանապարհով գյուղ հասնելու վրա մի քանի ժամ են ծախսում:
Մինչ այդ իշխանությունները վստահեցնում են, թե այլընտրանքային ճանապարհն են կառուցում. թե երբ այն պատրաստ կլինի, հայտնի չէ, շուրջ 10 կմ-անոց ճանապարհն ամբողջությամբ գրունտային է: Մեր նկարահանող խումբը ճանապարհի մի քանի հատվածներում արձանագրեց աշխատող շինտեխնիկան, դեռևս ճանապարհի որոշ հատվածներն են լայնացվում, հարթեցվում:
Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի` փակ լինելու պատճառով փաստացի շրջափակման մեջ են նաև Որոտան ու Շուռնուխ գյուղերը: Այսօր այդ գյուղեր չկարողացանք հասնել. Ազգային անվտանգության ծառայության սահմանապահներն արգելեցին: Պահանջում են, որ մենք գրություն ուղարկենք, որին, սակայն, կարող են պատասխանել մի քանի օր հետո:
Իրանցի վարորդները բողոքում են՝ Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար
Իշխանությունները Գորիս-Կապանի՝ ադրբեջանական հատվածին որպես այլընտրանք Տաթև-Աղվանի ճանապարհը կառուցեցին, որը բեռնատարների վարորդների համար դժվարություններ է ստեղծում: Թեև պաշտոնյաները վարչապետի մակարդակով հավաստիացնոմ են, որ այն բեռնատարների համար կիրառելի է, սակայն, տեղում իրավիճակն այլ է: Ճանապարհի մի հատվածում իրանցի վարորդներից մեկի բեռնատարն էր կողաշրջումից պրծել. ճանապարհը նեղ է, շրջադարձի ժամանակ բեռնատարը ճանապարհի եզրին էր հասել:
«Ճանապարհը փոքր ա, մի հատ ավտո գալիս ա , կանգնում ա, ավտոները մնում են, քաշելու բան չկա, ի՞նչ անենք հիմա», - դժգոհում էր իրանցի վարորդներից մեկը:
«Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ, և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն՝ մեծ մեքենաները տեղաշարժեն», - ասաց մեկ այլ վարորդ:
Իրանցի վարորդներն ասում են՝ նոր ճանապարհից են օգտվում քանի որ Գորիս -Կապան ճանապարհով անցնելիս ադրբեջանցիներին 130 դոլար են վճարում ու 5 ժամ սպասում՝ փաստաթղթերի ու բեռի ստուգման համար: