Ներկայումս օգտագործվող պատվաստանյութերը, ըստ մասնագետների, որոշակի պաշտպանվածություն են առաջարկում նաև կորոնավիրուսի հնդկական շտամի՝ դելտա տարբերակի համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն ընդգծում է՝ այս պահին հրատապ է դառնում պատվաստման գործընթացը։
«Իհարկե, պատվաստանյութերն ավելի բարձր արդյունավետություն ունեն այդ օրիգինալ վիրուսի նկատմամբ, սակայն արդեն հայտնի է, որ նաև դելտա տարատեսակի վերաբերյալ նրանք ունեն արդյունավետություն և նորից պաշտպանում են ծանր դեպքերից ու մահացության դեպքերից։ Եվ շատերը համարում են, որ բավականին արդյունավետ ձևով են այդ պաշտպանվածությունը տրամադրում», - ասաց Պետրոսյանը։
Վիրուսի այս նոր տարբերակը շատ ավելի ծանր ընթացք է ունենում, դրա տարածման հետևանքով առողջական համակարգը կրկնակի ծանրաբեռնվում է։ Եվ քանի որ այն հայտնաբերվել է տարածաշրջանի երկրներում, բժիշկները չեն բացառում, որ շուտով Հայաստանում էլ կգրանցվեն դելտա տարբերակի դեպքեր։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) փոխտնօրենը վստահեցնում է՝ Հայաստանում կիրառվող պատվաստանյութերը իրենց արդյունավետությունը դեռ պահպանում են. «Բայց դե գիտեք, անընդհատ փոփոխության ընթացքում և աշխարհն այսօր պայքարում է դրա դեմ, որպեսզի հնարավորինս ավելի շատ, լայնածավալ իրականացվեն պատվաստումները նոր կայուն տարբերակների դեմ կանխարգելելու հենց նկատառումով։ Այս տեսանկյունից մենք բացառություն չենք, մենք էլ պետք է դրա մասին մտածենք: Եվ մեր հորդորը մշտապես բնակչությանն այդ ուղղությամբ պետք է լինի, որ այս պահին քանի դեռ առկա Հայաստանի Հանրապետությունում առկա երեք պատվաստանյութերը, որ ունենք, դեռևս ակտիվ են, դեռևս արդյունավետ են նոր այդ տարբերակների դեմ, և պետք է օգտագործենք այս հնարավորությունը»։
Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» և չինական «Կորոնավակը», երեքն էլ անվճար և ըստ ցանկության։ Գործընթացի մեկնարկից երեք ամիս անց Հայաստանում պատվաստվել է մոտ 80 հազար մարդ կամ բնակչության 2.7 տոկոսը։ Մասնագետները այս ցուցանիշը չափազանց ցածր են համարում։
Աշխարհի զարգացած երկրներում արդեն պատվաստվել է բնակչության 50-60 տոկոսը։ Ինչո՞ւ հայաստանցիները չեն շտապում պատվաստվել, առողջապահության նախարարի պաշտոնակատարը պասիվությունը կապել էր լարված նախընտրական շրջանի ու քարոզարշավի հետ։
Վարակաբան Հասմիկ Ղազինյանն էլ մարդկանց անտարբերությունը բացատրում է հետպատերազմյան շրջանին բնորոշ սթրեսով, առանձնացնում է նաև Հայաստանում առկա հակապատվաստումային շարժումը և իրազեկվածության պակասը. «Իմ կարծիքն է` պետք է լինի կամովի, և մարդիկ գիտակցական ավելի շատ տրամադրվեն դրան գնալու համար: Այնուամենայնիվ, իրազեկությունը շատ լավ բան է ամեն հարցում, մասնավորապես այս հարցում։ Իրազեկել, տալ այն դրականը, որ կունենանք պատվաստումից հետո»։
Հայաստանում գրեթե չեն պահպանվում նաև հակահամաճարակային կանոնները։ Հանրային առողջության մասնագետը հիշեցնում է՝ համավարակը դեռ չի հաղթահարվել. «Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, ընդհակառակը` զարգանում է, նոր ենթատեսակներ են առաջանում, որոնք ավելի խնդրահարույց են, քան օրիգինալ ենթատեսակը, այսինքն` ուղղակի բնակչությանը պետք է անընդհատ հիշեցնել, որ խնդիրը կա, խնդիրը ոչ մի տեղ չի գնացել»:
Հայաստանում քովիդից այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում է ստանում ավելի քան 2700 քաղաքացի, վարակվածներից 205 քաղաքացի գտնվում է ծանր, 61-ը` ծայրահեղ ծանր վիճակում, 26-ն էլ միացված են արհեստական շնչառության սարքին։