Մատչելիության հղումներ

Հայաստանում այսօրվանից 18 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի կարող է պատվաստվել Sputnik V-ով


Այսօրվանից 18 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի Հայաստանում կարող է պատվաստվել ռուսական «Սպուտնիկ-Վի»-ով։ Առողջապահության նախարարությունը պատվաստման տարիքային շեմը հանել է։

Այս պատվաստանյութը նախկինում հասանելի էր միայն 18-ից բարձր տարիքային խմբում գտնվող քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ COVID-19-ի դեմ Հայաստանում առկա բոլոր 3 պատվաստանյութերը՝ «ԱստրաԶենեկա»-ն, Սպուտնիկ-Վի»-ն, «Կորոնավակ»-ն արդեն հասանելի են բոլոր ցանկացողների համար։

«Ինչո՞ւ ենք այսպես էտապ-էտապ բացում, որովհետև պետք է ունենանք հստակ պլանավորումը պատվաստանյութերի ներմուծման և դրանց ժամանակային խզումներ չունենք: Քանի որ վերջերս ստացել ենք բավական մեծ խմբաքանակ Sputnik V-ի և մեր ակնկալիքները ևս այդպիսին են, մենք այլևս հանեցինք այդ սահմանափակումը», - ներկայացրեց Ավանեսյանը:

Ու չնայած Հայաստանում պատվաստանյութերն անվճար են, գործընթացի մեկնարկից մոտ երեք ամիս անց պատվաստվել է բնակչության միայն 2,7 տոկոսը կամ մոտ 80 հազար մարդ, սա աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Այս թվերը երեկ մտահոգիչ էր որակել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Շատ փոքր ցուցանիշ է, և մենք նաև այս խնդիրը պետք է կարողանանք լուծել, և այս ցուցանիշները պատշաճ մակարդակի բերելու համար պետք է լայն աշխատանք արվի առաջին հերթին հանրային հաղորդակցության ոլորտում: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այս ընթացքում 80 հազար պատվաստումները ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը»:

Չնայած պատվաստումների փոքր թվին, քովիդի նոր դեպքերը ևս շատ չեն վերջին շրջանում։ Ու հենց այս հանգամանքը հաշվի առնելով Եվրոպական խորհուրդը որոշեց չեղարկել Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն։ «Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Այսինքն՝ եթե վարակվածության թվերն աճեն, ապա Հայաստանը դուրս կմնա այդ ցանկից, ինչպես Վրաստանն անցած տարի, որը առաջիններից մեկն էր ներառվել «կանաչ» երկրների ցանկում, սակայն ամիսներ անց` համաճարակի երկրորդ ալիքից հետո, դուրս մնաց։

Եվրոպական խորհրդի այս որոշումը դեռ չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները չպետք է հետևեն հակահամաճարակային ընդհանուր պահանջներին` պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը կամ ԵՄ տարածքում գրանցված որևէ վակցինայով պատվաստված լինելու հավաստագիրը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ պատվաստվողների ցածր թիվը հիմնականում պայմանավորված էր նախընտրական քարոզարշավներով ու ընտրություններով, բայց հունիսի 20-ից հետո եղել է օր, որ օրինակ՝ 3000-ից ավելի մարդ է պատվաստվել։ Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ քովիդի նոր մուտացիաների դեմ նույնպես հնարավոր է պայքարել պատվաստվելով

«Եթե մենք ստեղծենք հանրային իմունիտետի շերտը, կխոչընդոտենք, որպեսզի վիրուսն անընդհատ փոխանցվելով մուտացվի և պատվաստանյութերն էլ դրանց նկատմամբ անընդհատ պետք է վերանայվի՝ արդյոք արդյունավետ են, թե չէ: Այս ընթացող վարկի տարածման ալիքների շրջանում շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով անցնեն պատվաստումները», - նշեց Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այժմ քովիդի դրական նմուշները մոլեկուլյար շարունակական հետազոտությունների են ենթարկում, որպեսզի պարզեն արդյոք դրանց գեների դասավորությունը համապատասխանո՞ւմ է մուտացվող որևէ տեսակի։ Եթե պարզվի, որ այդպես է, կհայտարարվի Հայաստանում առկա մուտացված որևէ տեսակի մասին։

Ավանեսյանը չբացառեց քովիդի նոր շտամի շրջանառության հավանականությունը Հայաստանում. «Հասկանում ենք, որ և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և՛ Վրաստանում այն առկա է, այլևս դրանից խուսափելը մեզ հավանական չի թվում»:

Թեև ինքը՝ նախարարի պաշտոնակատարը ստացել է պատվաստանյութի երկու դոզան, այդուհանդերձ, շարունակում է դիմակ կրել, որովհետև քովիդի մուտացված տեսակներն արդեն շրջանառվում են Ռուսաստանում ու Վրաստանում։

Փակ տարածքներում պետք է պահպանվի դիմակ դնելու պարտադիր պահանջը, կարծում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ասում, որ դա պետք է սկսեն հենց իրենցից:

«Հիմա ես էլ եմ արձանագրում, որ մենք հիմա խորհրդակցություն անելիս երբեմն դիմակով ենք, երբեմն առանց դիմակի ենք, և երևի պետք է այս խորհրդակցության գործնական արդյունքը լինի այն, որ մենք բոլորս առաջին հերթին մեր օրինակով այդ կանոնները պահպանենք», - ընդգծեց Փաշինյանը:

Վերջին օրվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 126-ով, բուժվածներինը՝ 104-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ Հայաստանում սկսվել է ռուսական «Սպուտնիկ Վի»-ի տարբերակի արտադրման գործընթացը, ասաց՝ առաջընթաց կա, առաջիկայում արտադրված փորձանմուշները կանցնեն փորձաքննություններ։

XS
SM
MD
LG