Կրեմլը խոստովանել է, որ Ռուսաստանում չեն հասցնի մինչև աշուն կորոնավիրուսի դեմ պատվաստել բնաչության 60 տոկոսը:
Դա բացատրվում է նվազ պահանջարկով: Վերջին օրերին էապես ավելացել է նոր ախտահարումների և մահվան դեպքերի թիվը, սակայն բնակչության մի զգալի հատված հետաքրքրություն չունի պատվաստվելու հարցում:
Իշխանությունների փոխանցմամբ, մյուս պատճառը բարձր վարակելիություն և մահացություն առաջացնող կորոնավիրուսի «դելտա» տարբերակի տարածումն է:
«Ակնհայտ է, որ մինչև աշուն չենք պատվաստի բնակիչների 60 տոկոսը, մենք միայն այս շաբաթ ենք նկատում պատվաստվելու ցանկացողների թվի աճ, մինչ այդ, դժբախտաբար, ցածր պահանջարկ էր, սակայն, փառք Աստծո, գնալով ավելի շատ մարդիկ են ողջամտություն ցուցաբերում, իսկ նախատեսած ժամկետները ստիպված կլինենք հետաձգել»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի որոշ մարզերում իշխանությունները փորձում են պարտադիր դարձնել պատվաստումը հատկապես հանրային սեկտորում աշխատողների համար:
Առաջարկվում է նաև հասարակական տրանսպորտ և ռեստորաններ թողնել միայն այն քաղաքացիներին, ովքեր կներկայացնեն պատվաստվելու մասին հաստատող QR-կոդը (Quick Response):
Ռուսաստանի կենտրոնական և տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են անում անպայման պատվաստվել: Միայն անցած 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից 652 մարդ է մահացել: