Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետների՝ Հայաստանը կորոնավիրուսի 4-րդ ալիքի շեմին է


Երկրում քովիդով վարակվածության ցուցանիշների աճի միտում կա, մասնագետները հայտարարում են՝ Հայաստանը կորոնավիրուսի 4-րդ ալիքի շեմին է։

«Եթե մենք 3-4 շաբաթ առաջ խոսում էինք, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը երկրում 0.3-0.5 է, այսօր արդեն խոսում ենք, որ 1-ից բարձր է։ Իսկ գիտեք, որ եթե 1 է, դա խոսում է, որ հարաբերական կայուն վիճակ է, այսինքն` դեպքերի աճ մենք չենք դիտարկում, բայց եթե 1-ից արդեն բարձրանում է, արդեն կանխատեսումը գնում է դեպի աճին», - ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) փոխտնօրենը:

Գայանե Սահակյանի խոսքով՝ առաջիկա շաբաթներին քովիդով վարակվածների թիվը կհասնի օրական առնվազն 600-ի։ Սահակյանի փոխանցմամբ՝ սրա հետ մեկտեղ բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստվել, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է. «Մենք ասել ենք, որ եթե վիրուսի տարածման տեսանկյունից 60-70 տոկոսը պատվաստվածների կարգավիճակը սա միակ լուծումն է, որ պատնեշ կառաջացնի ու չի թողնի` կոնկրետ համայնքներում վիրուսը տարածվի, իսկ այսօր խոսում նք ընդհանուր ազգաբնակչության տեսանկյունից ընդամենը 2 տոկոսի մասով, որը միանշանակ անլուրջ մոտեցում է»:

Իրավիճակը աշխարհում լարվում է` պայմանավորված նաև նոր՝ հնդկական շտամով։ Մասնագետները չեն բացառում, որ այս տարբերակը Հայաստան ևս կարող է ներթափանցել, հատկապես, որ այն արդեն հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ հիմա դեպի Հայաստան ռուսաստանցի տուրիստների մեծ հոսք կա. «Բավականին վատ տարբերակ է դելտա տարբերակը կամ հնդկական տարբերակը։ Ինչո՞ւ։ Ինքը կլինիկական ծանրության աստիճան է, ինքը չի փոխվում, թեպետ ամբողջովին դեռևս հաստատված չէ, բայց գոնե վարակելիության առումով կրկնակի 100 տոկոսով նպաստում է վարակի տարածմանը, այսինքն` դա նշանակում է ավելի աշխուժացում, ավելի արագ տարածում և նոր դեպքերի թվի ավելի մեծ տոկոսով ավելացում և դրա հետևանքով նաև առողջական բեռի կրկնակի վատթարացում և ծանրաբեռնվածության վատացում»:

Իսկ ի՞նչ ընթացակարգով մարդիկ կարող են ժամանել Հայաստան։ Պետք է պարտադիր ներկայացնել կորոնավիրուսի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ կամ հիվանդության դեմ ամբողջական պատվաստման հավաստագիր։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Հայկ Կարապետյանի խոսքով՝ ինքնաթիռից դուրս գալուց հետո էլ ուղևորները բժշկական զննում են անցնում, վարակիչ հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում՝ անմիջապես հոսպիտալացվում. «Եթե ունի վարակիչ հիվանդության ախտանշաններ, անկախ նրանից քովիդ վարակի դեմ պատվաստված է, թե ոչ, կամ ունի բացասական սերտիֆիկատ, թե ոչ, միանշանակ հոսպիտալացվում է, որովհետև հսկողությունը կատարվում է ոչ միայն կորոնավիրուսային վարակի դեմ, այլ մնացած բոլոր վարակիչ հիվանդությունների դեմ, այդ իսկ պատճառով հոսպիտալացումը միանշանակ ցուցում է»:

XS
SM
MD
LG