Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այսօր ասել է, որ կորոնավիրուսի համավարակը շարունակվում է, մայրաքաղաք Պրահայում մտահոգիչ վիճակ է ստեղծվում:
«COVID-19-ը չի ավարտվել, բժիշկների փոխանցմամբ, վիճակը Պրահայում լավ չէ, մենք պարտավոր ենք շարունակել պայքարը համավարակի դեմ, մենք պետք է պատվաստվենք և պաշտպանվենք կորոնավիրուսի նոր շտամերից», - ասել է վարչապետը:
Պրահայում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 100 հազար բնակիչների հաշվով 10-ը վարակում: Այդ միտումն աճում է և մտահոգում է իշխանություններին, քանի որ ապրիլից նկատվել է ախտահարումների թվի անկում:
Չեխիայում զանգվածային պատվաստումների արշավը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 27-ից: Ամբողջական [երկու ներարկում] պատվաստում է ստացել ավելի քան 3 միլիոն 101 հազար բնակիչ:
Չեխիայում կիրառվում են Pfizer, Moderna, Johnson & Johnson և AstraZeneca ընկերությունների արտադրած վակցինաները:
Մոտ 10 միլիոն 700 հազար բնակչությամբ Չեխիայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն 667 հազար մարդ, մահացել է 30 հազար 298 հիվանդ: