Երկրորդ ընթերցում. 83 կողմ, 23 դեմ, 54 ձեռնպահ
Երեկ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գերլարված իրավիճակ էր, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը կիրառել է արցունքաբեր գազ, մահակներ, ռետինե փամփուշտներ, աշխատել են ջրցան մեքենաներ:
Բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան տասնյակ ձերբակալվածներ: Եվ այնուամենայնիվ խորհրդարանում մեծամասնություն ապահոված «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:
«Քվեարկության արդյունքները՝ 83 կողմ, 23 դեմ, 54 ձեռնպահ», - ազդարարել է նախագահողը:
Նիստից հետո «Վրացական երազանք»-ի պատգամավորներին ոստիկանության ուղեկցությամբ են դուրս բերել խորհրդարանի շենքից:
Այսպիսով, մնում են երրորդ՝ վերջին ընթերցումն ու քվեարկությունը: Դա, ըստ նախնական ծրագրի, տեղի կունենա մայիսի 17-ին:
Արդյո՞ք մինչ այդ ընդդիմությանը և Վրաստանի արևմտյան գործընկերներին կհաջողվի համոզել «Վրացական երազանք»-ին հրաժարվել վիճահարույց օրինագծից, որն այդքան բողոքների և քննադատության պատճառ է դարձել: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ ոչինիչ չի փոխվի, և օրենքը կընդունվի:
Քուռ գետի աջ և ձափ ափերով անցնող ճանապարհները փակ են
Երեկ երեկոյան ուժայիններն, այսպես ասած, «հաղթել են»: Այս պահին խոշոր ընդհարումներ չկան, բայց դա բնավ չի նշանակում, որ ընդդիմությունը համակերպվել է:
Ընդդիմադիր ակտիվիստները Թբիլիսիի կենտրոնում փակել են Քուռ գետի աջ և ձախ ափերով անցնող ավտոճանապարհները, ցուցարարների մի մասն արդարադատության նախարարության շենքի մոտ է, մի քանի հազար մարդ հավաքվել է խորհրդարանի շենքի մոտ:
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել է, որ «Հավաքների և երթերի մասին» օրենքի համաձայն՝ «ճանապարհների արգելափակումը և երթևեկության համար կանխամտածված խոչընդոտների ստեղծումը հակամիջոցներ և պատիժ ենթադրող ապօրինի գործողություններ են»:
Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիր ակտիվիստները փայտեր և աղբ են այրում, բարիկադներ են ստեղծում, աղբարկղերով փակում են շենքի մուտքերը:
«Վրաստանը պետք է մնա դեպի Եվրոպա տանող ճանապարհին»
Դրամատիկ զարգացումները Վրաստանի արևմտյան գործընկերների ուշադրության կենտրոնում են:
«Մեծ մտահոգությամբ եմ հետևում և դատապարտում բռնությունները Թբիլիսիի փողոցներում։ Վրաց ժողովուրդը ցանկանում է իր երկրի եվրոպական ապագան: Վրաստանը խաչմերուկում է, Վրաստանը պետք է մնա դեպի Եվրոպա տանող ճանապարհին», - X-ոմ գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Խաթարվում են Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները»
«Այս օրինագիծը և «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը կանգնեցրել են վտանգավոր ուղեգծի վրա։ Կառավարության հայտարարությունները և գործողությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին, որոնք Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հիմքում են, և դրանով վտանգում են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը»,- հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նրա փոխանցմամբ՝ մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում 32 տարի շարունակ ԱՄՆ-ի տրամադրած օգնությունը Վրաստանին՝ տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողությունը խթանելու համար, խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ ԱՄՆ-ի հաստատած ամուր հարաբերությունները»:
Եկեղեցին երկխոսության կոչ է անում
Վրաց ուղղափառ եկեղեցին երեկ երեկոյան հայտարարություն է տարածել ոստիկանության և ցույցերի մասնակիցների միջև բախումների վերաբերյալ և իշխանությանն ու ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է արել:
Պատրիարքարանը հայտարարել է, որ «ծանր սրտով» է հետևում Ռուսթավելիի պողոտայում ծավալվող իրադարձություններին, և նշել, որ «մարդիկ բացահայտ ատելություն են ցուցաբերում միմյանց հանդեպ»։
«Մենք կարծում ենք, որ նման դժվարին ժամանակաշրջանում պետական կառույցների և հատկապես իրավապահ մարմինների նկատմամբ վիրավորական գործողություններն, ինչպես նաև խաղաղ արտահայտվելու իրավունքի խախտումները կամ ուժի հնարավոր անհամաչափ կիրառումը վնասակար են բոլորի համար», - ասվում է հայտարարության մեջ։
Վրացի մեկնաբանները նշում են, որ եկեղեցին գործնականում այս հարցում սատարում է իշխանությանը, քանի որ, ըստ եկեղեցականների, իշխանությունը պաշտպանում է երկրի ավանդական արժեքները: