Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույց է ընթանում, իրավիճակը լարվել է։ Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը։
Նրանք ցանկանում են մոտենալ բեմին, որը տեղադրվել է այսօր՝ ապրիլի 29-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար։
Ոստիկանների շարքում դիմակավորված իրավապահներ են հայտնվել, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ցուցարարների ուղղությամբ ինչ-որ գազ է բաց թողնվել։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հավաքվածներին կարգուկանոն պահպանելու կոչ էր արել, ապա հայտարարել, որ ակցիան «բռնի բնույթ է կրել»։ Քիչ հեռու գտնվող Ազատության հրապարակում և խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և ջրցան մեքենաներ։
«Չնայած իրավապահների բազմաթիվ կոչերին, ցուցարարները բազմիցս փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։ Ոստիկանությունը կարգուկանոն հաստատելու համար կիրառել է օրենքով սահմանված հատուկ միջոցներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Իշխող ուժի այսօր նախատեսված հանրահավաքն ի պաշտպանություն «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրենքի է, որը քաղաքական շրջանակներն ու մամուլն անվանել են «օտարերկրյա գործակալների» օրենք: Նույն օրը խորհրդարանում, ըստ նախնական տեղեկատվության, կսկսվի օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Դեռ հայտնի չէ, թե փաստաթուղթը երբ կդրվի քվեարկության երկրորդ ընթերցմամբ։
Արևմտյան պետությունները, միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս են կոչ արել «Վրացական երազանքն»-ին հրաժարվել այս օրենքից։