Մատչելիության հղումներ

Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ


Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ: Բացի այդ, որոշ ցուցարարներ պնդել են, որ իրավապահները կիրառել են նաև ռետինե փամփուշտներ։

Հատուկ տեխնիկայի կիրառման մասին նախազգուշացում էր հնչել այն բանից հետո, երբ Չիտաձեի փողոցում հանրահավաքի մասնակիցները փորձել են հեռացնել այնտեղ տեղադրված արգելապատնեշներն ու դրանցով փակել ճանապարհը։

Հազարավոր ցուցարարներ մնացել են փողոցներում նույնիսկ այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են ցրել բողոքի ակցիան՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Անհայտ թվով ձերբակալություններ և վիրավորներ են եղել։

Դեպքի վայրում գտնվող RFE/RL-ի թղթակիցն արձանագրել է առնվազն երկու դեպք, երբ դիմակավորված անձը բռունցքով հարվածել է ցուցարարների դեմքին:

Ակցիայի ժամանակ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին, ով իր հետ տեղի ունեցածն անվանել է «նպատակաուղղված պատժիչ գործողություն»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ՆԳ նախարարին կոչ է արել «անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցի ցրումը»։

«(Դադարեցրեք) անհամաչափ ուժի կիրառումը: Դիմում եմ հանրային պաշտպանին՝ անհապաղ արձագանքել՝ ճնշելու հատուկ ջոկատայինների ցանկացած անհիմն և ապօրինի գործողություն։ Հստակ երևում է, որ ակցիան տեղի է ունեցել խաղաղ, այն որևէ վտանգ չի ներկայացրել, հրամանի սպառնալիք չի եղել»,- գրել է նախագահը Facebook սոցիալական ցանցում։

Վերջին շրջանում Վրաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, մասնակիցները պահանջում են «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից դադարեցնել «օտարերկրյա գործակալի» օրինագծի քննարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG