«2004-2012 թվականներին ղեկավարել է օտարների կողմից նշանակված հեղափոխական կոմիտեն»
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ցույցերի և հանրային ակցիաների ավանդական վայրը Ռուսթավելիի պողոտան է: Վերջին շրջանում այստեղ բողոքի բազմահազարանոց ակցիաներ են կազմակերպել ընդդիմադիրները, ովքեր պահանջում են «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից դադարեցնել «օտարերկրյա գործակալի» օրինագծի քննարկումը:
Երեկ գլխադասային հանձնաժողովն այն հաստատել է, իսկ այսօր օրինագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ քվեարկվի խորհրդարանում, որտեղ «Վրացական երազանք»-ը նկատելի մեծամասնություն ունի:
Եթե անցած օրերին Ռուսթավելիի պողոտան ընդդիմադիր ուժերինն էր, ապա երեկ այս գեղեցիկ վայրում բազմահազարանոց ցույց են կազմակերպել իշխանամետ ուժերը:
Գլխավոր բանախոսը «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, նախկին վարչապետ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին էր:
«2004-2012 թվականներին մենք բարդ ճանապարհով գնացինք, երկիրը ղեկավարում էր ոչ թե ժողովրդի քվեով ընտրված կառավարությունը, այլ օտար հետախուզական գործակալությունների կողմից նշանակված հեղափոխական կոմիտեն», - ասել է Իվանիշվիլին:
«Օրենքը կնպաստի դեմոկրատիայի ամրապնդմանը»
Մյուս նախկին վարչապետը՝ «Վրացական երազանք»-ի ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև կուսակցության մի շարք այլ լիդերներ երեկվա հավաքում հավաստիացրել են, որ նոր օրենքը միայն կնպաստի Վրաստանում դեմոկրատիայի ամրապնդմանը, քանի որ թափանցիկություն կապահովի հասարակական կազմակերպությունների գործունեության ասպարեզում:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա ավելի քան 20 տոկոսով արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները և միությունները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: Օրինագծի պաշտոնական անունն է «Օրենք արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին»:
ԵՄ-ն և ԱՄՆ-ը քննադատում են օրինագիծը
Անցած դեկտեմբերին Վրաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհած Եվրոպական միությունը հայտարարել է, որ այդ օրինագիծը լուրջ խոչընդոտ կդառնա անդամության ճանապարհին, քանի որ համատեղելի չէ Միության արժեքների հետ: Օրինագիծը քննադատում են նաև ԱՄՆ-ում:
Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Վրաստանի գործերով հանձնախմբի համանախագահներ դեմոկրատական Ջերի Քոնոլին և հանրապետական Օսթին Սքոթը հրապարակել են համատեղ հայտարարություն, որում ասվում է, թե փաստաթուղթը չի տարբերվում ռուսական օրենքից, և կոչ են արել Վրաստանի օրենսդիրներին հրաժարվել այդ նախաձեռնությունից:
«Շարունակում ենք աջակցել Վրաստանին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին»
Կոնգրեսականների փոխանցմամբ, խիստ մտահոգիչ է այն, որ ԱՄՆ դեմոկրատական գործընկեր և Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստացած Վրաստանն առաջ է բերում մի օրինագիծ, որը Պուտինի նույն հակադեմոկրատական գործիքի պատճենն է:
«Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին, հորդորում ենք ականջալուր լինել ծաղկուն և անարգել քաղաքացիական հասարակություն, անկախ դատական համակարգ և օրենքի գերակայություն հաստատելու, կոռուպցիայի մեջ ներքաշողներին պատասխանատվության ենթարկող կառավարություն ստեղծելու մեր կոչերին», - ասվում է հայտարարության մեջ:
Եթե նախագահը վետո դնի, օրենսդիրները կարող են այն շրջանցել
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կառույցները վիճահարույց փաստաթուղթն անվանում են ««ռուսական օրենք», քանի որ այն քիչ է տարբերվում Ռուսաստանում գործող նմանօրինակ օրենքից, որը Վլադիմիր Պուտինի ռեժիմին ընձեռել է հասարակական կազմակերպությունների և անկախ մամուլի ազատությունը ճնշելու լայն հնարավորություններ:
Նախագահ Զուրաբիշվիլին ասել է, որ արգելանք կդնի օրենքի վրա, սակայն խորհրդարանը կարող է հետագայում շրջանցել վետոն և փաստաթուղթը նորից դնել քվեարկության:
Այդ դեպքում օրենքը կմտնի ուժի մեջ՝ խորհրդարանում չորրորդ անգամ ընդունվելուց հետո՝ օրենսդիր մարմնի խոսնակի ստորագրությամբ: Երրորդ ընթերցումը նախատեսված է մայիսի 17-ին: