Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով Վրաստանին կոչ է անում հրաժարվել «օտարերկրյա գործակալների» օրենքից


Ֆրանսիա - Եվրոպական խորհրդարանի նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա - Եվրոպական խորհրդարանի նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ

Հնարավոր պատժամիջոցներ Իվանիշվիլիի նկատմամբ և ԵՄ մեկնելու վիզաների վերականգնման սպառնալիք

Եվրոպացի օրենսդիրներն այսօր քվեների 425 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ ընդունել են «Վրաստանում արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ բանաձևը, որով կոչ են անում չնախաձեռնել Եվրոպական միությանը Վրաստանի անդամակցելու բանակցություններ, քանի դեռ «այդ օրենքը Վրաստանի իրավական համակարգի բաղադրիչն է հանդիսանում»:

«Վրաստանում արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը քաղաքական շրջանակներում և մամուլում նաև անվանում են «օտարերկրյա գործակալների օրենք»:

Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին կոչ է անում կազմել անդամակցության գործընթացի կապակցությամբ Վրաստանին հանձնարարված 9 պարտավորությունների կատարման մասին միջանկյալ գնահատական:

Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել համատեղ բանաձևի նախագծի փոփոխություններին, որոնք ենթադրում են պատժամիջոցներ «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և Վրաստանի քաղաքացիների՝ Եվրամիություն առանց վիզայի մեկնելու արտոնության հնարավոր չեղարկում:

Օրինագիծը խախտում է 9 հանձնարարականներից 2-ը

Եվրոպացի օրենսդիրները նշել են, որ «օտարերկրյա գործակալների» օրինագիծը խախտում է Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ներկայացված 9 հանձնարարություններից 2-ը: Դրանք են` քաղաքացիական հասարակության ազատ գործելու կարողության ապահովումը՝ 9-րդ հանձնարարական, և պայքարը Եվրամիության ու դրա արժեքների վարկաբեկմանն ուղղված ապատեղեկատվության դեմ՝ 1-ին հանձնարարական:

Արևմտյան պետությունները, միջազգային իրավապաշտպան կառույցները շաբաթներ շարունակ կոչ են անում Վրաստանի իշխող քաղաքական ուժին՝ «Վրացական երազանք»-ին, վերստին հրաժարվել այդ օրենքից:

Անցյալ տարի «Վրացական երազանք»-ը ներկայացել էր օրինագիծը, բայց բազմահազարանոց ցույցերից ու արևմտյան գործընկերների կոչերից հետո նահանջել էր: Այնուամենայնիվ, վերջերս՝ որոշակի փոփոխություններ կատարելուց հետո, իշխող ուժը նորից օրակարգ է բերել նախագիծը և, ամենայն հավանականությամբ, մտադիր է հաստատել: Համենայն դեպս, առաջին ընթերցմամբ այն ապրիլի 17-ին արդեն ընդունվել է:

Ի պատասխան օրինագծի վերաներկայացման՝ մայրաքաղաք Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ցույցեր:

Նախագծի քննադատները՝ թե՛ Վրաստանում և թե՛ արտասահմանում, նշում են, որ օրինագիծը գրեթե չի տարբերվում Ռուսաստանում ժամանակին ընդունված նմանօրինակ բովանդակությամբ օրենքից, որն իշխանությանն ընձեռել է ոչ հաճո ՀԿ-ներին հալածելու, անկախ մամուլի ազատությունը սահմանափակելու, քաղաքացիական հասարակության դերակատարությունը գործնականում զրոյի հասցնելու, իսկ առավել համառ ընդդիմադիրներին դատական կարգով հետապնդելու հնարավորություն:

«Քաղաքացիներն օգտվում են խաղաղ ցույց անցկացնելու իրավունքից»

Եվրոպական խորհրդարանն արձագանքել է թբիլիսյան ցույցերին: Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը Եվրախորհրդարանում երեքշաբթի օրը պատմել է Թբիլիսիում բողոքի ակցիաների մասին:

«Վրաստանի քաղաքացիները դուրս են եկել փողոցներ և օգտվելով խաղաղ հավաքներ ու ցույցեր անցկացնելու իրավունքից՝ պահանջում են հետ կանչել «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը»: Անցյալ տարի էլ նման տպավորիչ տեսարաններ են եղել», - ասել է Լենարչիչը:

Իշխող թիմը հերքում է մեղադրանքները և պնդում, թե օրենքի ընդունումը միայն կնպաստի դեմոկրատիային, քանի որ հավասար թափանցիկություն կհաստատի և բոլոր հասարակական կազմակերպությունների համար կստեղծի հավասար պայմաններ:

Եվրոպացի օրենսդիրների այսօր ընդունած բանաձևը պարտադիր ուժ չունի, սակայն վստահաբար ազդեցություն կգործի Եվրամիությանը Վրաստանի անդամակցման գործընթացի վրա:

«Արշավ վրաց ժողովրդի դեմ»

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է եվրոպական բանաձին՝ ասելով, թե այն ընդունել են պաշտոնավարումն արդեն ավարտող օրենսդիրները:

«Դա արշավ է, որը վրաց ժողովրդի դեմ վարում են մի խումբ պատգամավորներ», - ասել է խոսնակը:

«Իշխանությունը պետք է ոչ թե 2, այլ 22 անգամ մտածի»

Ընդդիմադիր Նիկա Գվարամիան ասել է, թե կարևոր է, որ Վրաստանը հայտնվել է Եվրամիության ուշադրության կենտրոնում:

«Պատժամիջոցների ծանր հետևանքների հեռանկարն արդեն շատ մոտ է, այնպես որ՝ իշխանությունը պետք է ոչ թե 2, այլ 22 անգամ մտածի որևէ բան անելուց առաջ», - հայտարարել է Գվարամիան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG