Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը


Վրաստան - Իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորներն այսօրվա քվեարկության ժամանակ
Վրաստան - Իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորներն այսօրվա քվեարկության ժամանակ

Այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Կողմ է քվեարկել 83 պատգամավոր։ Ընդդիմադիր պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։ Քննարկումների ժամանակ խորհրդարանի խոսնակն ընդդիմադիր մի քանի պատգամավորների հեռացրել է դահլիճից, իսկ անկախ պատգամավոր՝ ընդդիմության նախկին առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե ընդհանրապես լքում է խորհրդարանը։ Նա ասել է, որ նման պայմաններում իր ներկայությունը խորհրդարանում «ոչ քաղաքական իմաստ ունի, ոչ էլ՝ բարոյական արդարացում»։

Խորհրդարանի շենքի մոտ երեկ երեկոյան ոստիկանությունը բիրտ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել ցուցարների դեմ, 11 մարդ բերման է ենթարկվել, այդ թվում` «Լելո» կուսակցության անդամներից մեկը, բռնություններ են կիրառվել նաև լրագրողների նկատմամբ, առցանց մեդիայի մի քանի լրագրող է տուժել։ Օբուդսմենն այսօր այցելել է մեկուսարաններ, որտեղ պահվում են են բերման ենթարկվածները, և արձանագրել, որ մի քանիսի վրա բռնության հետքեր կան։

Թբիլիսիի արևմտյան բոլոր գործընկերները Վրաստանի իշխանություններին հորդորել էին հրաժարվել ռուսական նմանատիպ օրենքը կրկնող այդ օրինագծից։ Անցած տարի ուժեղ ճնշումների արդյունքում այն օրակարգից հանվել էր, սակայն Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո Վրաստանի իշխանություններն այն նորից շրջանառության մեջ դրեցին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցում երեկ գրել է․ - «Վրաստանի ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղի, և ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը անցած դեկտեմբերին Վրաստանին թեկածու երկրի կարգավիճակ տվեց։ Թույլ տվեք ինձ հստակեցնել՝ «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ձգտումներին և նրան Միություն ընդունելու ուղեգծին, այն Վրաստանին միայն կհեռացնի Եվրամիությունից, այլ ոչ թե կմոտեցնի»։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ այսօր ընդունվելուց հետո ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրամիության հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին ասել են, որ դա իրադարձությունների շատ մտահոգիչ զարգացում է, և որ այդ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կազդի դեպի Եվրամիության Վրաստանի առաջընթացի վրա։ «Այդ օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին և արժեքներին», - նշել են նրանք՝ Եվրամիության անունից կոչ անելով ձեռնպահ մնալ այդ օրենքի ընդունումից։

Վրաստանի ներսում ավելի է ընդլայնվում օրինագիծը քննադատողների շրջանակը։ Երկրում հայտնի շուրջ հինգ տասնյակ դեմքեր՝ արվեստագետներ, գիտնականներ, մարզիկներ, համույթներ, ֆուտբոլային ակումբներ ու ֆուտբոլի հավաքականի մի շարք անդամներ, քննադատել են օրինագիծը։ Հավաքականի անդամ Գիորգի Կվիլիտայան սոցցանցում գրել է․ - «Եվրոպան Վրաստանի ընտրությունն է, և ոչինչ չի կարող դա փոխել»։ «Ո'չ Ռուսաստանին, Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա է։ Թող ոչ ոք ինձ շնորհակալություն չհայտնի, քանի որ ասում եմ այն, ինչ պետք է ասի յուրաքանչյուր վրացի», - արտահայտվել է Բուդու Զիվզիվաձեն։ Գիորգի Չակվեթաձեն, Ջաբա Կանկավան Ինստագրամում տեղադրել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Ջաբան նաև անպարկեշտ արտահայտություն է արել Ռուսաստանի հասցեին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Վրաստանում քննարկվող օրինագիծը չի կարելի ռուսական համարել, իսկ դրա դեմ բողոքները հրահրվում են դրսից։ Նա նորմալ պրակտիկա է համարել նման օրենքի ընդունումը, ասելով, թե աշխարհի շատ երկրներ ամեն ինչ անում են՝ իրենց ապահովելու դրսի ազդեցությունից։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ վետո կդնի օրենքի վրա, միաժամանակ նշելով, որ իշխող ուժը վետոն հաղթահարելու բավականաչափ ձայներ ունի խորհրդարանում։

Այսօր Զուրաբիշվին դռնփակ հանդիպում էր կազմակերպել Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան պետությունների դեսպանների հետ։

Նախօրեին նա դիմել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ նրանց հորդորելով Վրաստանում ստեղծված իրավիճակը քննարկել դաշինքի ղեկավար մարմինների այսօր մեկնարկող նիստի ընթացքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG