Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ «ՀՀ օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն»


Այխան Հաջիզադե
Այխան Հաջիզադե

Բաքուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իր հայտարարություններով միջազգային հանրությանը մոլորեցնելու համար։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն է հայտարարել, որ թեև Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կոչեր են հնչում, «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարություններ է անում, որը ցավալի է»։

Հաջիզադեն, մասնավորապես նշել է, որ Փաշինյանը, Մյունխենում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի պաշտպանվում միջազգային հանրության կողմից», ապա Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է, թե «Հայաստանի վարչապետը ոչ թե ասում է, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնություններն անհիմն են, այլ միջազգային հանրության կողմից չաջակցվող գործողութունների շարունակությունն է անհիմն»։

«Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի պահանջները դեռ շարունակվում են։ Այս առումով Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում արտացոլված մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը՝ կրկին պնդելով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններով»։

Հունվարի 19-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։ Ընդդիմությունից էլ արձագանքեցին՝ Երևանը Բաքվի պահանջով է ուզում նոր Սահմանադրություն ընդունել, թիրախն էլ, ասում են՝ Անկախության հռչակագիրն է, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Իշխանությունն էլ հերքեց, թե դրսից նման պարտադրանք կա։

Փետրվարին արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ հայտարարեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։ Ալիևը Հայաստանի Անկախության հռչակագրի ձևակերպումները Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ էր համարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG