Մատչելիության հղումներ

Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագրին հղումը փոխելու համար պետք է նոր Սահմանադրություն. սահմանադրագետ


Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչկագրին հղումը փոխելու համար պետք է նոր Սահմանադրություն, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Հայաստանի վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ նոր Սահմանադրություն ընդունելու կարիք կա, և ես դա պայմանավորում եմ առաջին հերթին հենց նրանով, որ իշխանությունները ցանկանում են հրաժարվել Անկախության հռչակագրից՝ նախաբանում դա ամրագրելուց, իսկ եթե գնում են այդ ճանապարհով, ապա իրենք պետք է նոր Սահմանադրություն ընդունեն», - ասաց սահմանադրագետը։

Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» Հայաստանի կողմից սատար կանգնելու մասին:

Ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբանները պնդում են՝ Փաշինյանը ցանկանում է փոխել երկրի մայր օրենքը Բաքվի և Անկարայի պարտադրանքով, որպեսզի Սահմանադրության մեջ որևէ հղում չլինի ոչ Արցախի հարցին և ոչ էլ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Իշխանությունից հակադարձում են՝ Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում, թե ինչ Սահմանադրությամբ է ապրելու Հայաստանում։

Եվ այսպես, ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում նոր Սահմանադրության ընդունման դեպքում ։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասում է՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար գործող Սահմանադրությունը որոշակի կանոններ է սահմանել։ Ըստ այդմ, Ազգային ժողովը պետք է հավանություն տա նոր Սահմանադրության նախագծին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 2/3-ով, ինչից հետո նախագիծը պետք է դրվի հանրաքվեի։ Նոր Սահմանադրության նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու և նրա հավանությունը ստանալու անհրաժեշտություն, ըստ սահմանադրագետի, չկա։ Իսկ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե կողմ են քվեարկում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 1/4-ը։

«Եթե դիցուք 2 միլիոն են [ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները], ապա 500 հազար +1-ը պետք է կողմ լինի: Եթե դա չեղավ, ուրեմն հանրաքվեի դրված ակտը ակտը համարվում է չընդունված»,- պարզաբանում է սահմանադրագետը։

Գործող Սահմանադրության 207 հոդվածի համաձայն, հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ քառորդը:

Ընտրելու իրավունք ունեցող քանի՞ քաղաքացի կա Հայաստանում

Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ նոր տվյալներ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը չունի։ Գերատեսչությունից փոխանցեցին, որ այս պահին պետք է հիմք ընդունել 2021 -ի համապետական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների թիվը, որ կազմում է 2 միլիոն 595 հազար։

Ծառայության խոսնակի փոխանցմամբ՝ երբ նշանակված լինեն նոր ընտրություններ, նշանակված օրվան ընդառաջ կհաշվարկվի ընտրողների թիվը, և կհրապարակվեն նախնական, ապա նաև վերջնական ընտրական ցուցակները։ Հիմք ընդունելով 2021 -ի ընտրողների թիվը՝ հանրաքվեն ընդունված համարվելու համար անհրաժեշտ է, որ դրան կողմ քվեարկի առնվազն մոտ 650 հազար մարդ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG