Մատչելիության հղումներ

Եթե Ալիևը որոշի միջանցք բացել, Սահմանադրությա՞նն է նայելու. Աննա Գրիգորյան


<2021 թվականից ի վեր հնչել է Ալիևի կողմից պահանջ՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և դրանից հետո ձևավորվել է հանձնաժողով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ 2021 թվականից հետո Հայաստանի վարչապետը խոսք է տվել Ադրբեջանի նախագահին, որ կփոխի Սահմանադրությունը։

Հարցազրույցից մի հատված ստորև.

«Ազատություն». - Իշխանությունն ավելի ու ավելի կոշտ է հերքում, որ Սահմանադրության փոփոխությունն Ալիևի պահանջով է, և այստեղ իսկապես տրամաբանական չէ՞, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են միանալ հայաստանյան ներքաղաքական լարվածություն առաջացնելու գործին, այդ թվում՝ ձեր շուրթերով, որ դուք քննադատեք Փաշինյանին, իրենք այդ դիվիդենտները շահեն։

Աննա Գրիգորյան. - Սա, չգիտեմ, մանիպուլյացիայի և ցինիզմի իրապես գագաթնակետն է, այսինքն՝ իրենք գնում են, պայմանավորվում են, Նիկոլ Փաշինյանն ընդունում է Ալիևի պահանջը, մենք էլ ասում ենք՝ այդ պահանջով անթույլատրելի է, որ Սահմանադրության փոփոխություն տեղի ունենա, նոր Սահմանադրություն գրվի, դեռ մենք ստացվում է, որ Ադրբեջանի օրակարգն ե՞նք առաջ տանում։ Սա ուղղակի մանիպուլյացիայի մաստեր կլաս է։

2021 թվականից ի վեր հնչել է Ալիևի կողմից պահանջ՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և դրանից հետո ձևավորվել է հանձնաժողով։ Ես ուզում եմ այս խրոնոլոգիան մենք լավ պատկերացնենք։ Հանձնաժողովը ձևավորվել է, և իր առջև խնդիր չէ դրվել կոնկրետ փոփոխություն իրականացնելու, ընդհակառակը՝ ասում են՝ կառավարման մոդելը նորմալ է, պարլամենտական համակարգը պետք է լինի, ավելին՝ ասում էին՝ գնացեք, ուսումնասիրեք, տեսեք՝ ինչը կարող ենք փոխել։

Լավ, սա նորմա՞լ տրամաբանություն է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձևավորել ու չիմանալ՝ իմաստը որն է դրա։ Իսկ իմաստն իրականում ի՞նչն է, որ 21 թվականից հետո, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին, որ կփոխի Սահմանադրությունը, ձևավորել է հանձնաժողով՝ ցույց տալու Ալիևին, որ մենք կգնանք այդ փոփոխություններին, և հիմա պահը հասունացել է հերթական զիջումն իրականացնելու համար, և հիմա է, որ սկսել են խոսել այդ փոփոխությունների մասին։

Իրենք սինխրոն, նույնիսկ մի անգամ մի օր հայտարարություն է եղել, րոպեների տարբերությամբ խոսել են, որ պետք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սա բացառապես Ալիևի պահանջն է, և կարծում եմ՝ հայ ժողովրդի համար անընդունելի է լինելու ապրել Ալիևի կողմից պարտադրված Սահմանադրությամբ։

«Ազատություն». - Բայց, վարչապետն արդեն մեկնաբանել է, որ խաղաղության պայմանագրում կա արձանագրում, որը, ի դեպ, Դուք տեսել եք որպես գաղտնի փաստաթուղթ, որ Սահմանադրությունը չի կարող վեր լինել խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունից, այսինքն՝ ինչ էլ գրված լինի այդ Սահմանադրությունում, միևնույն է՝ խաղաղության պայմանագիրն ավելի իրավազոր փաստաթուղթ է, էլ ի՞նչը փոխել։

Աննա Գրիգորյան. - Սա հերթական մանիպուլյացիան է Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև ցանկացած միջազգային փաստաթուղթ չի կարող ստորագրվել, որը հակասում է մեր Սահմանադրությանը։

XS
SM
MD
LG