Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Բաքվի պահանջով Սահմանադրություն փոխելով Փաշինյանն ամենամեծ հարվածն է հասցնում ՀՀ ինքնիշխանությանը»


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով է որոշել փոխել Սահմանադրությունը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, ըստ էության, ուլտիմատում են դրել Նիկոլ Փաշինյանի առաջ, որ էս բաները պետք է փոխվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

«Անկախության հռչակագրի երկու կետի վերաբերյալ երկու պետություն կա, որ ունեն իրենց առարկությունները», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանը պարզաբանում է՝ Թուրքիան ընդդիմանում է Անկախության հռչակագրի 11-րդ կետին, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելու մասին, իսկ Ադրբեջանը՝ հռչակագրի նախաբանում տեղ գտած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին դրույթին։

«Համաձայնել նման պահանջը կատարել՝ դա ամենահզոր հարվածն է մեր ինքնիշխանությանը: Նիկոլ Փաշինյանի գլխավոր դրոշը, որ ինքը հիմա ծածանում է մեր ժողովրդի առաջ, դա այն է, որ նա պայքարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար: Այսինքն՝ ինքը պատրաստ է Ադրբեջանին ամեն ինչ զիջել, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղը, ինչ որ արեց, բայց ինքնիշխանության որևէ սանտիմետր չի զիջի, դրա համար էլ մերժում է, ասենք, էն կետը, ինչ որ կապված է Մեղրիի ճանապարհի էդ լուծման հետ: Հիմա պարզվում է՝ ինքը պատրաստ է այլ պետության ճնշման ներքո փոխել Սահմանադրությունը: Ավելի մեծ հարված ինքնիշխանությանը չկա, որովհետև ինքնիշխանությունը նաև նշանակում է՝ քո անկախությունը և քո ինքնուրույնությունը այնպիսի կարևոր փաստաթղթի ընդունման հարցում, ինչպիսին է Հիմնական օրենքը, ինչպիսին է Սահմանադրությունը», - հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով. - «Այսինքն՝ եթե դու էդ հարցում թույլ ես տալիս այլ պետության ճնշում, սա արդեն նշանակում է, որ դու հասցնում ես ամենահզոր հարվածը քո ինքնիշխանությանը: Նիկոլ Փաշինյանը նման քննարկում օրակարգի մեջ մտցնելուց հետո այլևս իրավունք չունի խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին»:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հերքում են, թե ցանկանում են նոր Սահմանադրություն ընդունել Բաքվի պահանջով։ Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը ոչ միայն կարծում է, որ դա այդպես է, այլև «անհեթեթ ու ոչ լեգիտիմ» է որակում այդ պահանջը։

Ըստ Զուրաբյանի, Անկախության հռչակագրում տեղ գտած՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումն իրավական ուժը կորցրել է դեռ ԽՍՀՄ տարիներին, քանի որ 1991-ի նոյեմբերին ԽՍՀՄ Սահմանադրական վերահսկողության կոմիտեն այդ որոշումը չեղյալ է հայտարարել։ Այսինքն՝ այն վաղուց ուժը կորցրած իրավական ակտ է եղել։ Ընդ որում, ըստ Զուրաբյանի, չեղյալ է հայտարարվել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման որոշումը՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք հակասում են ԽՍՀՄ Սահմանադրությանը։

Բացի այդ, ըստ ՀԱԿ փոխնախագահի, Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրի սկզբունքներին, իսկ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման վերաբերյալ դրույթը հռչակագրի սկզբունքներից չէ՝ այն միայն նախաբանում է տեղ գտել։ Հետևաբար, Զուրաբյանի պնդմամբ, Բաքվի այս պահանջը Փաշինյանն ընդհանրապես չպետք է համաձայներ քննարկել։

«Գիտե՞ք, եթե մենք սկսենք նման անհեթեթ պահանջներ ընդունել և ասել՝ դե, Ադրբեջանը հաղթել է պատերազմում, հիմա ստիպված ենք անել, և այլն, և այլն, դե էդ դեպքում մյուս պահանջը լինելու է, օրինակի համար, որ ադրբեջանցիները վերադառնան Սյունիք, վերաբնակեցվեն և դառնան մեծամասնություն Սյունիքում: Դրանից հետո երրորդ պահանջը լինելու է, որ ադրբեջանցիները իրավունք ստանան այնտեղ անցկացնել հանրաքվե, և Սյունիքը, օրինակի համար, ստանա կա՛մ ավտոնոմիա, կա՛մ ընդհանրապես անկախություն, կա՛մ վերամիավորվի Ադրբեջանի հետ, հասկանո՞ւմ եք», - նշեց ՀԱԿ փոխնախագահը:

Պարզ ճշմարտությունը, ըստ Զուրաբյանի, հետևյալն է՝ «Ադրբեջանը նվաստացուցիչ պահանջ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին, և Հայաստանի իշխանությունները պատրաստ են այդ նվաստացուցիչ պահանջը կատարել»:

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի փոխնախագահը պատահական չի համարում, որ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար խոսում է Հայաստանի սիմվոլների մասին։ Զուրաբյանը շեշտում է՝ Հայաստանի խորհրդանիշները նույնպես կարող են փոխվել միայն Սահմանադրությունը փոխելու ճանապարհով։

Սահմանադրության 21-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի խորհրդանիշները, այդ թվում՝ զինանշանը՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները, Վահանը պահում են արծիվը և առյուծը:

«Ընդ որում, նայելով կենտրոնին՝ Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ ա, առյուծ, որը արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում...», - ամիսներ առաջ հայտարարել էր վարչապետը:

«Իսկ դուք կարծում եք՝ շատ պատահական է՞, որ Փաշինյանը սկսել է խոսել նրա մասին, որ էն ի՞նչ կենդանիներ են մեր զինանշանի վրա, ինչո՞ւ է Արարատը, մեր երկրի գլխավոր սարը կամ լեռը Արագածն է՝ ամենաբարձր լեռը, «ես հպարտանում եմ դրանով, իմ սենյակում ոչ թե Արարատի պատկերն է, այլ՝ Արագածի»: Սա ամբողջը տեղավորվում է նույն բանի մեջ՝ սա մի նվաստացուցիչ, ստորաքարշ մոտեցում է, որը այսօր որդեգրել են Հայաստանի իշխանությունները՝ ենթարկվելու բոլոր պահանջներին, որ ներկայացնում են Թուրքիան և Ադրբեջանը, հանուն սեփական իշխանության պաշտպանման», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանը, սակայն, կարծում է, որ այս գործընթացը մեծ դիմադրության է արժանանալու, և դեռ պարզ չէ , թե ինչպես կավարտվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG