Մատչելիության հղումներ

«Միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, թե ոչ»․ Ռուբինյան


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, թե ոչ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։

«Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է, և միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել- չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրին հղում թողել, թե հանել։ Այդ ամենը որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունն է նաև որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսեց հունվարի 19-ին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Այս հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն պնդեց՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։

«Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմն ու զինանշանը»

Երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը պետք է քննարկվի։

Ընդդիմադիրները կարծում են, որ Հայաստանի իշխանությունն ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ զինանշանն ու հիմնը ուզում է փոխել թուրք-ադրբեջանական պահանջով։

Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ արձագանքեց․ - «Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմն ու զինանշանը, ես չեմ ուզում փոխել զինանշանը»։

Սիմոնյանը տելեգրամյան գրառման մեջ երեկ նշել էր, որ «օրհներգը պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան»: Իսկ զինանշանի մասով ԱԺ խոսնակը գրել էր, որ «առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»։

Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանի փոխանցմամբ, սա ԱԺ նախագահի անձնական կարծիքն է, այս պահին թե՛ օրհներգը, թե՛ զինանշանը փոխելու օրինագիծ չի ներկայացվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG