Արդյոք հնարավո՞ր է նոր Սահմանադրության արդյունքում խզվի Հայաստանի կապն իր պատմության հետ, ժողովրդի պատմությունը չարտացոլվի նոր Սահմանադրության մեջ, Ազգային ժողովում հարցրեց իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ պատրաստի տեքստ չունեն։
«Եթե ես ունենայի Սահմանադրության տեքստ և բերեի, ասեի, ժողովո՛ւրդ, ես առաջարկում եմ՝ էս գրած լինի, էս գրած լինի... ես ընդամենը ասել եմ, որ կարծում եմ՝ նոր Սահմանադրության կարիք կա, ինչ լինի, ինչը չլինի, էդ Սահմանադրության մեջ դա հետագա քննարկման խնդիր է։ Էնպես չի, որ թաքուն դարակում Սահմանադրություն կա գրած, մենք էլ բոլորից պահում ենք ու ուզում ենք տանել, ուրիշ դռնով ներս մտցնել ու դարձնել Հայաստանի Սահմանադրություն», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Ապա շարունակեց. - «Ես ասում եմ՝ պետք է նոր Սահմանադրություն, քանի որ ես եկել եմ այն եզրակացության, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը Սահմանադրությունը իրենը համարի, իր ձայնով ընդունվածը համարի։ Սա մեկ։ Երկրորդ՝ մեր այսօրվա միջավայրը փոխված է, նեքին և արտաքին միջավայրը, մեր բոլոր արտաքին հարաբերություններն էլ են փոխված, ներքինն՝ էլ։ Այն Սահմանադրությունը, որ մենք ունենք, ընդունվել է այլ միջավայրում և այլ պայմաններում։ Եվ Սահմանադրությունը պետք է կրի իր վրա այդ նոր իրադրությունը և կառավարի այդ նոր իրադրությունը»։
Որպես երրորդ կետ՝ վարչապետը նշեց, որ Սահմանադրության նպատակն է պետությունը ավելի մրցունակ դարձնել. - «Ես խնդիրը ձևակերպում եմ հայեցակարգային մակարդակում։ Մնացածը քննարկման խնդիր է»։
Փաշինյանն ասաց, թե չի պատկերացնում՝ ինչ է նշանակում կորցնել կապը պատմության հետ. - «Կամ այսօր մեր Սահմանադրության մեջ ինչ է գրած, որ այդ կապը պահում է պատմության հետ։ Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ չկորցնի կապը մեր ապագայի հետ»։