Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն․ ԱԺ նախագահ


Չեխիայի խորհրդարանի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովաnն և ՀՀ Ազգային ժողովի նախագահը՝ համատեղ մամուլի ասուլիսում, 31-ը հունվարի, 2024թ
Չեխիայի խորհրդարանի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովաnն և ՀՀ Ազգային ժողովի նախագահը՝ համատեղ մամուլի ասուլիսում, 31-ը հունվարի, 2024թ

Ադրբեջանի սահմանադրությունում, Ադրբեջանի փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ուղիղ չպատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք նոր Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջն է և կապ ունի բանակցությունների հետ։

«Յուրաքանչյուր բանակցություն, որը որ հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային, այսինքն՝ եթե կա ակնարկ կամ առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Սիմոնյանը։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե արդյո՞ք իշխանությունը մտածում է Մայր օրենքից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին, որտեղ խոսք կա Լեռնային Ղարաբաղից, ԱԺ խոսնակը պատասխանեց․ - «Վաղ է դրա մասին խոսել, այս պահի դրությամբ նման քննարկում պաշտոնական շրջանակներում տեղի չի ունեցել»։

Սիմոնյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է և ունի դրույթներ, որոնք որ, իր կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները։

Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, թե «Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը»։

«Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք այն պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե դա սեպտեմբերի 21-ի մասին է, որ մենք ստացանք անկախություն, թե դա Հայաստանի Հանրապետության մասին է, որը որ պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիք կյանք։ Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք, և ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն մեր հանրության մեջ և դրա հետևանքով նաև միանշանակ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ։ Չի կարող Հայաստանի Հանրապետությունը լինել ամորֆ բան, չի կարող ՀՀ քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքն ու վերջանում», - ասաց Սիմոնյանը։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսեց հունվարի 19-ին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Այս հայտարարությունից հետո Բաքուն պնդեց՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG