Հայաստանի Սահմանադրությունը պիտի լինի ՀՀ քաղաքացու կամքի մասին, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրի ու ինչպես է ուզում ապրել այդ երկրում, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։
Հարցազրույցից մի հատված ստորև.
«Ազատություն». - Խորհրդարանական ընդդիմությունը համոզված է, որ փոխում եք Սահմանադրությունը, նոր Սահմանադրություն եք գրում՝ կատարելու Ադրբեջանի պահանջը։
Վահագն Ալեքսանյան. - Խորհրդարանական ընդդիմության արտահայտություններն առհասարակ, կարծում եմ, շատ մեկնաբանելու կարիք որպես այդպիսին չկա, որովհետև ցանկացած մի բանի հետևում նրանք տեսնում են Թուրքիային կամ Ադրբեջանին, այնտեղ, որտեղ նույնիսկ չի կարելի դա տեսնել, բայց, այնուամենայնիվ, մեր ցանկությունը՝ Սահմանադրությունը փոխելու կայանում է նախևառաջ մի քանի հանգամանքներում։ Որպես օրինակ ուղղակի մեր Սահմանադրությունն արդյոք հիմա ունի՞ բավականին լեգիտիմություն՝ ըստ Ձեզ կամ ըստ մեր քաղաքացիների, արդյոք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեները բավականին լեգիտիմ են եղել կամ վստահելի ե՞ն եղել, կեղծված չե՞ն եղել արդյոք դրանց արդյունքները, արդյոք նորմա՞լ է ունենալ Սահմանադրություն, որի լեգիտիմությունը կասկածներ է հարուցել ու շարունակում է հարուցել։
Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պիտի լինի ՀՀ քաղաքացու կամքի մասին, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրի ու ինչպես է ուզում ապրել այդ երկրում։ Դա է Սահմանադրության էությունը։
«Ազատություն». - Նորությունն այստեղ այն է, որ վարչապետն՝ ինքը նոր Սահմանադրությունը կապում է միջազգային իրավական հարցերի հետ, և բառացիորեն երեկ էլ արտգործնախարարը չհերքեց, որ Անկախության հռչակագրի հղման մասով, այո, Բաքվից հնչել է դժգոհություն։
Վահագն Ալեքսանյան. - Այո, հնչել է Բաքվից դժգոհություն, բայց դա չի նշանակում, որ Բաքվից հնչած դժգոհությունը միայն կարող է հիմք հանդիսանալ։ Բաքվից հնչած դժգոհությունը կարող է հաշվի առնվել և պիտի հաշվի առնվի, ինչպես նաև Հայաստանից հնչածը պիտի հաշվի առնվի Բաքվում, բայց այստեղ խոսքը նրա մասին է, որ մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչ երկրում ենք մենք ուզում ապրել, ինչպիսի ու ինչպես ենք ուզում ապրել։
«Ազատություն». - Երբ ասվում է փոխադարձ, մենք դա չենք տեսնում, որ Բաքվում այդպիսի օրակարգ է քննարկվում։
Վահագն Ալեքսանյան. - Դա հարցի երկրորդ կողմն է, անկեղծ ասած, բայց նորից սա հիմա մեզ տանում է մի դաշտ, որտեղ ընդդիմության ասածը ճիշտ է, և Սահմանադրության փոփոխությունը Բաքվի թելադրանքն է, ինչը իրականությանը չի համապատասխանում։