Մատչելիության հղումներ

Սահմանադրությունում կենացային դրույթները սպառնում են Հայաստանի անվտանգությանը. Իոաննիսյան


Սահմանադրությունում կենացային դրույթները սպառնում են Հայաստանի անվտանգությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Ազատություն». - Քննարկվե՞լ է ձեր խորհրդում հրաժարվել Անկախության հռչակագրի հղումից:

Իոաննիսյան. - Երբեք նման քննարկումներ չեն եղել ոչ Սահմանադրական բարեփոխումների այս խորհրդում, որը գործում է շուրջ 2 տարի և ոչ էլ 2020 թվականին մոտ 8 ամիս գործած այն ժամանակվա մարմնում:

«Ազատություն». - Ոչ էլ հետագայո՞ւմ են ձեզ իշխանություններն ասել, որ պատերազմից հետո Ադրբեջանն է պահանջում հանել Սահմանադրությունից այդ դրույթը:

Իոաննիսյան. - Դեռևս նման քննարկումներ չեն եղել, նման հարց չի կանգնել խորհրդի ներսում, այսինքն այդ հարցը բերվել է օրակարգ վարչապետի վերջին հայտարարությամբ, որն ինքը արեց Արդարադատության նախարարությունից: Նման հարց խորհրդում երբեք չի քննարկվել: Սա ինչ-որ առումով մեր համար նոր հարց է: Ես ենթադրում եմ արդեն, որ այդ հարցը կբերվի խորհուրդ ու խորհրդում քննարկման առարկա կդառնա:

«Ազատություն». - Ո՞րն է ձեր դիրքորոշումը՝ հրաժարվե՞լ հղումից Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին և Հայոց ցեղասպանության:

Իոաննիսյան. - Քանի չի եկել, իհարկե, չեմ կարող ասել, նայած ինչպիսին կլինի առաջարկը: Բայց բավականին նեյտրալ վերաբերմունք ունեմ բոլոր տեսակի կենացային դրույթների մասին, այն դրույթների մասին, որոնք գործնականում ոչինչ չեն ապահովում, բայց կենացային բնույթ ունեն: Առավել ևս որ այդ կենացային բնույթ ունեցող դրույթները կարող են Հայաստանի անվտանգության համար սպառնալիքների լեգիտիմիզացիայի աղբյուր լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դա ևս օգտագործում է: Դա իր, իհարկե, հիմնական թեզը չի, նույնիսկ հիմնական թոփ մի քանի թեզերից մեկը չի, բայց թեզերի մեջ կա Հայաստանի նկատմամբ հնարավոր ապագա ագրեսիան լեգիտիմացնելու: Այս առումով եթե կենացը պետք է թշնամու ինչ-որ մի գործողություն լեգիտիմացնի, ապա արդյոք իմաստ ունի այդ կենացը: Ինձ համար շատ ավելի կարևոր են Սահմանադրության իրական կարգավորումները, այն կարգավորումները, որոնք կկանխեն երբևիցե դատական իշխանության զավթումը, կապահովեն անկախության մեխանիզմներ դատական իշխանության, անկախ մարմինների: Մենք Հայաստանում մեծ հաշվով չունենք և երբեք չենք ունեցել անկախ մարմիններ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG