Մատչելիության հղումներ

Ի՞նչ է գրված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում. Անկախության հռչակագրի մասին հիշատակում չկա, չի բացառվում, որ կլինի


Արդարադատության նախարարության կողմից կառավարություն ուղարկված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում Սահմանադրության նախաբանի փոփոխության, այսինքն՝ Անկախության հռչակագրի դրույթը հանելու վերաբերյալ որևէ հիշատակում առայժմ չկա։ Բայց, հայեցակարգի մշակմանը մասնակցած խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ հետագայում կարող է լինել՝ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունը։

80 էջանոց նախագծի նախաբանում ասվում է, որ 2015-ին բարեփոխված Սահմանադրության նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտ կար, և որ այդ համապարփակ բարեփոխումներից հետո Հայաստանում տեղի են ունեցել «դարակազմիկ փոփոխություններ», մասնավորապես 2018 -ի թավշյա հեղափոխությունը։ Բացի դրանից, 2020 -ից Հայաստանը առերեսվել է աննախադեպ փորձությունների՝ համաճարակ, 44-օրյա պատերազմ, շարունակական սահմանային բախումներ, Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, հեղաշրջման փորձեր, արցախահայերի բռնի տեղահանում։

Հետևաբաև, ըստ նախարարության, սահմանադրական բարեփոխումները պետք է հետապնդեն հետևյալ առանցքային նպատակները՝ առաջին՝ հաղթահարել գործող Սահմանադրության նկատմամբ հանրային անվստահությունը, երկրորդ՝ վերանայել իշխանության վերարտադրման և քաղաքական մենաշնորհի ձգտմամբ պայմանավորված քաղաքական խաղի կանոնները, երրորդ՝ ապահովել մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր նշաձող, և չորրորդ՝ նպաստել սահմանադրական արժեքների արմատավորմանը։

Այս նախագիծն «Ազատությանն» է փոխանցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս նշում է՝ խորհուրդն անցած երկու տարիների ընթացքում երբեք չի քննարկել ո՛չ Սահմանադրության նախաբանը և ո՛չ էլ դրանում հիշատակվող Անկախության հռչակագիրն ու Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը։

Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում առաջարկվի Սահմանադրությունից դուրս բերել մայր օրենքի նախաբանը, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին և Լեռնային Ղարաբաղին, Դանիել Իոաննիսյանը չի բացառում։

Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը ցանկանում է փոխել Բաքվի պահանջով։

«Չեմ բացառում, որ նաև Փաշինյանի մոտիվացիան այն է, որ ինքն ուզում այսկերպ ևս աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը չունի ռևանշիստական մտադրություններ, որովհետև Բաքվի դիվանագիտությունն ակտիվորեն փորձում է այդ գիծը տանել՝ Հայաստանը ներկայացնել որպես ռևանշիստական մտադրություններով պետություն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Դանիել Իոաննիսյանը։

«Ես իրոք չեմ բացառում, որ նման փոփոխություններ առաջարկվեն, և երբ որ առաջարկվեն, խորհրդում մենք դա կքննարկենք, բայց որպես խորհրդի անդամ՝ ինձ համար առաջնահերթ է բուն Սահմանադրության շարադրանքը, և ինձ համար առաջնահերթ է, թե ինչպես ենք մենք կառուցելու այս պետությունը. օրինակ՝ այս պետությունում լինելո՞ւ են անկախ պետական մարմիններ, թե՞ չեն լինելու, այս պետությունում լինելո՞ւ են մեխանիզմներ, որոնք մեկընդմիշտ կկանխեն ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ։ Սրանք են ինձ համար առավել կարևոր բաներ, քան թե այն, ինչ գրված է Սահմանադրության նախաբանում», - հավելեց նա։

Վարչապետն անցած շաբաթ պնդել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, ընդ որում, ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել Սահմանադրությունը, այլ բոլորովին նորն ընդունել։

Ինչ խնդիրներ է առաջադրել Փաշինյանը Արդարադատության նախարարությանը, և արդյոք դրանք տեղ կգտնեն նոր Սահմանադրությունում. Արդարադատության նախարարությունից հստակ չեն պատասխանում, «Ազատությանը» խնդրեցին հետևել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ աշխատանքներին։

XS
SM
MD
LG