Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրությունն Ալիևի պահանջով է. Քրիստինե Վարդանյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասում է, որ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը կեղծ է, «օդից իջած», և որ Ադրբեջանի նախագահի պահանջով է։

Ստորև ներկայացնում ենք հատված ընդդիմադիր պատգամավորի հետ հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք և Ձեր խմբակցության երեք պատգամավորները Արտգործնախարարությունում ծանոթացել եք բանակցվող փաստաթղթին։ Դա՞ է պատճառը, որ պնդում եք, թե սահմանադրական փոփոխությունները կամ ավելի ճիշտ՝ նոր Սահմանադրությունը, ինչպես հայտարարեց Փաշինյանը, հենց այս համատեքստում են։

Քրիստինե Վարդանյան. - Իսկապես չորս պատգամավորներով ծանոթացել ենք բանակցություններով քննարկվող փոխանակվող առաջարկներին և դրանց կետերին։ Նաև դա է պատճառը, պատահական չէ, որ հենց այդ չորսով ենք տարածել հաղորդագրություն՝ ցույց տալու նաև կապը բանակցային գործընթացի և այս օդից իջած օրակարգի հետ, որը փաստորեն հիմա քննարկվում է Հայաստանի Հանրապետությունում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ոչ թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, այլ նոր Սահմանադրության, ավելի վաղ Իլհամ Ալիևն առիթ ունեցել էր հենց նույն բառապաշարով խոսելով ասել, որ Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն։ Բայց որ ավելի կարևոր և ցցուն է, Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսում է՝ հենց բանակցային գործընթացին անդրադառնալով և ասելով, որ տարածաշրջանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք պիտի նաև արտացոլումը գտնեն իրավական հիմքերում, և հենց այս կոնտեքստում է խոսում, այսինքն՝ եթե մենք ծանոթացած էլ չլինեինք բանակցություններում փոխանակվող առաջարկվող կետերին, տրամաբանությունը և ուղիղ Փաշինյանն ինչ որ մեզ ասում է, այդ կապը գտնելը, տեսնելը իրականում շատ հեշտ է։

«Ազատություն». - Եվ Ձեր մտավախությունն է, որքանով հասկանում եմ, որ նոր Սահմանադրությունից կհանվի նախաբանը, այսինքն՝ հղումն Անկախության հռչակագրին։

Քրիստինե Վարդանյան. - Անկախության հռչակագրում ուղիղ ասվում է, որ այն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի վերամիավորման որոշման հիման վրա, և 11-րդ կետում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցի հետապնդողը։

Հիմա այս կետերը գործող իշխանությունների համար խնդրահարո՞ւյց են, թե՞ խնդրահարույց չեն։ Մենք տեսել ենք նախորդած շրջանում արշավ այս բոլոր կետերի, հասկացությունների դեմ. Թուրքիան և Ադրբեջանը մշտապես մատնանշել են այս խնդիրները և ասել են, որ Հայաստանի Սահմանադրությունում կան «տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ»։

XS
SM
MD
LG