Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականին ընդունված Հայաստանի զինանշանը ունի թերություններ, որոնք եղել են նաև Առաջին Հանրապետության զինանշանում, ասում է 90-ականներին զինանշանի վրա աշխատած հանձնաժողովի անդամ, մշակութաբան Լևոն Աբրահամյանը։
«Փոփոխություններ իրավունք չունեինք անել, թե չէ մենք չէինք թողնի, որ սենց զինանշան ունենանք, որովհետև բավականին թերություններ ունի ինքը, շղթաներ կան, սուրը չի երևում, բայց մեզ թույլ չեն տվել դա փոխել», - նշում է նա։
Հանձնաժողովը պետք է որոշ մշակումներ աներ, ստանար տպելու ու բազմացնելու համար պիտանի զինանշան առանց տեխնիկական խնդիրների։ Սկսում են աշխատանքները, ու պարզվում է՝ կարճ կյանք ունեցած Առաջին Հանրապետության խորհրդարանը չէր հասցրել հաստատել զինանշանն, ու կային դրա մի քանի տարբերակներ։
«Եվ այդ ժամանակ միայն էսքիզները կային, ու արխիվում գտան միայն մի փաստաթուղթ, որը կարելի էր համարել, որ դա արդեն ընդունված զինանշան է», - նկատում է նա։
Առաջին Հանրապետության դրոշը, օրհներգը ընդունած Երրորդ Հանրապետությունում 92-ին որոշեցին ընդունել նաև երեք տարի գոյատևած պետության զինանշանը, օգտագործվեց արխիվում գտնված վերջին տարբերակը, որը գրեթե չի տարբերվում ներկա գերբից։ Դրա հեղինակները ճարտարապետ Թամանյանն ու նկարիչ Կոջոյանն էին։
Անցյալ շաբաթ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինանշանի մասին աղմկահարույց հայտարարություն արեց, ինչը նա անվանեց «պարզապես մտքեր կիսելու մի փորձ»։
«Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում, և այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրը, չթվա միայն ձեր մեջ է, մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի», - շեշտել էր վարչապետը։
Զինանշանի կենտրոնում Արարատը՝ Նոյան տապանով, վահանի վրա՝ պատմական Հայաստանի թագավորություններից չորսի զինանշանները ու վահանը պահող առյուծ ու արծիվ. Փաշինյանի խոսքով՝ զինանշանի շուրջ բանավեճն այն մասին է, թե պատմական Հայաստա՞նը պետք է ծառայի իրական Հայաստանին, թե՞ իրական Հայաստանը պատմականին. - «Այն պատկերը, որը մեզ համար սրբություն է, մեզնից յուրաքանչյուրի համար, իսկ 91 թվականին հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է»։
Վարչապետի մտքերը զինանշանի մասին սոցիալական ցանցերում ընդունվեցին սրերով։ Փողոցում ևս մարդիկ բացասաբար էին արձագանքում զինանշանի թերությունների մասին քննարկմանը. - «Թող դա լինի մեր նպատակը՝ ձգտելու ու հասնելու, ոչ թե փոխելու ու մի բան էլ հետ գնալու»։
«Ժամանակակից իրականությունն այդքան էլ համապատասխան չէ մեր իսկական եսին, դրա համար մեր գերբը մեր մասին է, պետք չէ գերբը փոխել», - ասում է մեկ այլ քաղաքացի։
Սեփական բնաշխարհում կամ առհասարակ բնության մեջ գոյություն չունեցող կենդանիներ կան բազմաթիվ երկրների գերբերի վրա, օրինակ, Մեծ Բրիտանիայի զինանշանի վրա առասպելական միաեղջյուր է, եվրոպական բազմաթիվ երկրների զինանշանների վրա՝ առյուծ, երբ այնտեղ, ինչպես Հայաստանում, առյուծներ չկան։
Զինանշանի կենդանիների նշանակությունը սիմվոլիկ է, բացատրում է ակադեմիայի թղթակից անդամ գիտնականը։ Արարատ լեռն ու Նոյան տապանը ևս խորհրդանշական են ժամանակի ու ոչ թե աշխարհագրության իմաստով. - «Հակագիտական մի մոտեցում է, այլ լրիվ առասպելաբանական է, որ Հայաստանը Նոյի ժամանակվանից կա, որ այդ հարստությունները կան, բայց պատկերացրեք՝ էդ հեչ, մենք ավելի հին ենք, մենք Նոյի թվից ենք գալիս, և Հայաստանն այն ժամանակ չկար, և կար ջրհեղեղի պահը, և դրա համար է Նոյի տապանն այնտեղ։ Դա ոչ թե տարածքի խնդիր է, այլ պատմության սկզբի խնդիր է, որովհետև մենք հավակնություն ունենք լինել հենց այնտեղ»։
Մյուս կողմից Արարատը Թուրքիայում է։ Աբրահամյանը հիշեցնում է, որ այս թեման քննարկվում էր նաև Խորհրդային Միության տարիներին, խորհրդային Հայաստանի գերբի կենտրոնում Մարտիրոս Սարյանի նկարած Արարատն է։
«Անեկդոտ կա. երբ արտաքին գործերի Չեչերինը թուրքերի բողոքին, որ չէ՞ որ դա Հայաստանում չի գտնվում, Թուրքիայում է գտնվում, բայց ձեր զինանշանի վրա է գտնվում, նա շատ սրամիտ պատասխանել էր՝ կիսալուսինն էլ Թուրքիայում չի գտնվում, բայց ձեր սիմվոլն է», - նշում է նա։
Հայաստանն անկախության գրեթե բոլոր տարիներին ունեցել է պետական խորհրդանիշներով զբաղվող մասնագիտական խումբ, որն աշխատել է նաև ներկա զինանշանի թերությունների վրա, օրինակ՝ թրի նեքևի հատվածը կա, իսկ ծայրը՝ ոչ, ինչը, գիտնականի խոսքով, պետք է շտկվի, ու կան արդեն մշակված տարբերակներ։
Վերադառնալով Փաշինյանի գլխավոր քննադատությանը՝ կապ ունի՞ արդյոք զինանշանը ժամանակակից Հայաստանի հետ, Աբրահամյանը համաձայն է՝ այն անցյալի մասին է, ոչ թե ներկայի, սակայն դա հատուկ է երկար պատմություն ունեցող շատ պետություններին զինանշաններին. - «Ոնց որ հպարտանանք անցյալով ու վերջ, նույնիսկ սովետական մասը հեչ արեցինք, կարելի է ասել, դրա համար այդ առումով էլ ճիշտ է, որ պետք է դեպի ապագա էլ մի բան ավելացնենք՝ թողնելով այն, ինչ որ եղել է»։
Մասնագիտական քննարկումների ընթացքում այս հարցին անդրադարձել են։ Գիտնականի կարծիքով՝ կարելի է զինանշանի կարգախոս ունենալ, որն ուղղված կլինի ապագային, և կլուծվի անընդհատ դեպի անցյալը նայելու հարցը։