Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունն ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ զինանշանն ու հիմնը ուզում է փոխել թուրք-ադրբեջանական պահանջով։
Պետական այս երկու խորհրդանիշերի փոփոխության հարց տելեգրամյան գրառմամբ այսօր բարձրացրել է Ազգային ժողովի նախագահը:
«Առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ: Իմ կարծիքով՝ մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», - նշել է Սիմոնյանը:
Հայաստանի զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Սիմոնյանը գրառմանը կից լուսանկարում կլորակի մեջ է առել Ռուբինյանների թագավորության զինանշանի առյուծին, հենց դրան էր սմայլիկի նմանեցրել, և Արարատի փեշին ջրի ալիքները։
Հայաստանի այսօրվա զինանշանն ու օրհներգն ընդունվել են 90-ականների սկզբին՝ հիմքում Առաջին Հանրապետության խորհրդանիշերն են։
Դաշնակցական Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ հիմնն ու զինանշանը պետության հիմքերի շարունակականությունն են:
«Թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջ է, իրական նպատակը՝ հայոց թագավորությունների, հայոց պետականությունների շարունականությունը, հայ ժողովրդի, հայ ժողովրդի Հայկական բարձրավանդակում ձևավորվելու և այդ ձևավորվելուց հետո էլ այնտեղ պետականություն ունենալու փաստն արձանագրող բոլոր ատրիբուտները, բոլոր պաշտոնական փաստաթղթերում հիշատակումները հանել: Իրենց պետք է կտրված արմատներից մի փոքրիկ պետական միավոր, որի հետ ինչպես ցանկանան, այդպես էլ վարվեն», - նշեց Մանուկյանը:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հրաչ Հակոբյանը տեղյակ չէր, որ Թուրքիան կամ Ադրբեջանը զինանշանի փոփոխության հարց բարձրացրած լինեն։ Բայց նա էլ քննարկումների կողմնակից է։
«Բնականաբար, չի կարող պարտադրանք լինել Բաքվից, և մենք մեր որոշումները կայացնում ենք մեր ներքին քննարկումների արդյունքում՝ առանց որևէ այլ երկրի հայտարարությունները հաշվի առնելու», - ասաց Հակոբյանը:
Իսկ Արարատն Արագածով փոխարինելու տարբերակին ինչպե՞ս է նայում. - «Հիմա մենք ունենք Թուրքիայի հետ սահման, և Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ավելի նախընտրելի լինի՝ զինանշանի վրա Արագած լեռը, պատգամավորը պատասխանեց. - «Ես չգիտեմ՝ ընդհանրապես լեռ պետք է լինի, չպետք է լինի, որ լեռը լինի, առյուծը ինչպես պետք է լինի, որ դիրքով լինի, շղթայված պետք է լինի սուրը, սուր պետք է լինի, թե՝ չլինի: Բոլոր հարցերը քննարկելի են, եթե հասնենք այն փուլին, որ լինեն նոր զինանշանի առաջարկներ»:
Վարչապետ Փաշինյանը թե՛ օրհներգի, թե՛ զինանշանի հետ կապված խնդիրներ անցած տարի տեսել է. «Կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնը ավարտվի հետևյալ տողերով՝
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»:
Ինչպես օրհներգի, այնպես էլ զինանշանի մասին իր մտքերով վարչապետը կիսվել էր 7 ամիս առաջ։ Գերբին նայելիս նրա մոտ հարց էր ծագել՝ այն 1991 հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի։
«Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է: Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում: Այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, երկվության մասին է պատմական Հայաստանի և իրական Հայաստանի», - ասել է Փաշինյանը:
ԱԺ-ի նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը «Ազատությանը» փոխանցեց՝ Ալեն Սիմոնյանն իր տեսակետն է հայտնել, օրենքի նախագիծ այս պահին չի նախատեսվում ներկայացնել։
Այս տարիներին «Մեր Հայրենիքը» փոխելու մի քանի նախաձեռնություն է եղել, ոչ մեկը չի հաջողվել։ Դրոշից իշխանությունը չի խոսում, բայց թե՛ եռագույնը, թե՛ զինանշանը կարելի է փոխել միայն հանրաքվեով։
Չնայած այս ամիսներին իշխանությունների հայտարարություններին՝ զինանշանի փոփոխության առաջարկը չի հասել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ։ Անդամներից Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ զինանշանի փոփոխության առաջարկ չի եղել, իրենք էլ դեռ չեն քննարկել, կլինի՝ կքննարկեն։