Մատչելիության հղումներ

Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած հեղաշրջման փորձը ծանր հարված է Կրեմլին


Վագներականները և բնակիչները, Դոնի Ռոստով, 24 հունիսի, 2023թ.
Վագներականները և բնակիչները, Դոնի Ռոստով, 24 հունիսի, 2023թ.

«Գուցե նա կհայտնվի մի տեղ Աֆրիկայում»

Մոսկվայում անդորր է, Դոնի Ռոստովի, Վորոնեժի և Լիպեցկի շրջաններում իրավիճակը կայունացել է, միայն վագներականների ծանր զինտեխնիկայի թռթուռներից ասֆալտի ճաքերն են վկայում, որ այստեղ մեկ-երկու օր առաջ ինչ-որ բանակների շարժ է եղել:

«Վագների» հիմնադիր և Վլադիմիր Պուտինի՝ արդեն կարելի է ասել, երբեմնի սերտ դաշնակից Եվգենի Պրիգոժինի ստույգ գտնվելու վայրը հայտնի չէ, ենթադրաբար, նա պետք է տեղափոխվեր Բելառուս:

Բայց, ինչպես ռուսաստանցի որոշ վերլուծաբաններ են ենթադրում, Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարած երկիրը նրա համար տարանցիկ կլինի, և նա կմեկնի ավելի հեռու: «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքն է հայտնել Օլգա Ռոմանովան «Русь сидящая» («Նստած Ռուսաստանը») հասարակական կազմակերպությունից, որը հետազոտում է քրեակատարողական հիմնարկների հետ կապված խնդիրները և, մասնավորապես, «Վագների» շարքերը կալանավորներով համալրելու գործելակերպը:

«Նա հիմա իր կյանքն է փրկում, երևի, Բելառուսը նրա համար տարանցիկ երկիր է, գուցե նա կհայտնվի մի տեղ Աֆրիկայում», - ասել է Ռոմանովան:


Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ ձեռք բերված գործարքը բավական պարզ է՝ Պրիգոժինը հեռանում է, «Վագների» ստորաբաժանումները վերադառնում են դաշտային ճամբարներ, լայնածավալ արշավը Մոսկվայի վրա չեղյալ է հայտարարվում, վագներական վարձկանները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում և կարող են շարունակել մասնակցել Ուկրաինայի պատերազմին, սակայն պետք է պայմանագրեր կնքեն Պաշտպանության նախարարության հետ:

Կդատե՞ն, թե՞ չեն դատի Պրիգոժինին

Բուն Պրիգոժինի մասին հակասական տեղեկություններ կան: Դեռ նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նա հանգիստ կհեռանա:

«Ինչ վերաբերում է անձամբ Պրիգոժինին, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, և նա կփոխադրվի Բելառուս»,- ասել է Պեսկովը:

Մինչդեռ, այսօր ռուսական պետական լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը, հայտնել է, որ Պրիգոժինի նկատմամբ հարուցված զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործը բնավ չի կարճվում, և հետաքննությունը կշարունակվի:

Պուտինի աննախադեպ նվաստացումը՝ պաշտոնավարման 23 տարում

Այսպիսով, «Վագների» գործոնն, առնվազն այսօրվա դրությամբ, զսպվել է, սակայն սկանդալը մեծագույն ազդեցություն կունենա համայն Ռուսաստանի թե՛ արտաքին դիրքերի և թե՛ ներքին կյանքի վրա, քանի որ անկախ Մոսկվայի վրա արշավից հրաժարվելու որոշումից, Պրիգոժինը հզոր հարված է հասցրել Կրեմլին:

Վլադիմիր Պուտինի գրեթե քառորդ դար տևող իշխանության ժամանակաշրջանում սա, փաստորեն, ամենաածանր ճգնաժամն էր, ինքնավստահ, խորամանկ ու խելացի լիդերի համբավ ունեցող նախագահի նվաստացում:

Կատակ բան չէ, երբ մինչև ատամները զինված տասնյակ հազարավոր վարձկաններ իշխանությանը մեղադրում են ռուս ժողովրդի գենոցիդի մեջ ու ասում են, թե շուտով կհասնեն մայրաքաղաք ու կվերականգնեն արդարությունը: Եվ ոչ միայն ասում, այլև շարասյուներով առաջ են շարժվում, ու վտանգը կանխվում է մեկ ուրիշ երկրի ղեկավարի ջանքերով:

Շարքային մարդիկ գոհ են, որ ամեն ինչ անարյուն ավարտվեց

«Վագների» պատմությունն ապացուցում է, որ իշխանության և ժողովրդի միասնության մասին ռուսական միֆերն առանձնապես հիմնավորված չեն:

Ռոստովում և Վորոնեժում շարքային մարդիկ սելֆիներ էին անում վարձկանների հետ և բարեկամական խոսքերով ճանապարհում նրանց: Ահա բնակիչներից մի քանիսի կարծիքները:

«Լավ է, որ մարտական գործողություններ չեղան, վախենալու էր»:

«Վախ կար, իհարկե, չէր կարելի սրան հասցնել»:

«Երկրում շատ հարցեր կան, պետք է լուծել, և մարդիկ էլ արմատական մեթոդների են դիմում, ինչպես այդ Պրիգոժինը»:

«Հարաբերությունները {վարձկանների հետ} բարեկամական էին, բայց մտահոգիչ էր: Նրանք պարկեշտ էին, սիգարետների մնացորդները նետում էին աղբամանների մեջ»:

«Կարծում եմ, սա շանտաժ էր, լուրջ գործողությունների, որ քաղաքացիական բնակիչները տուժեին՝ երևի չէին դիմի»:

«Վագների» ոդիսականը վկայում է Ռուսաստանում խորքային լուրջ խնդիրների մասին, և հենց դա են նշում օտարերկրացի պետական այրերը:

«Հրեշը կծում է իր ծնողին»

«Սա Պուտինի համար կործանարար ռազմավարական ձախողում էր գրեթե բոլոր ճակատներում՝ տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական»,- ասել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նրա համոզմամբ, ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանական համակարգում ճաքեր են առաջանում, և, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցածը վերջնական գործողությունը չէր:

Պուտինի համար նույնօրինակ հուսահատեցնող եզրակացության է հանգել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Հրեշը, որին ստեղծել է Պուտինը՝ «Վագները», հիմա նրան է կծում, հրեշը պայքարում է իր ծնողի դեմ, քաղաքական համակարգը, ռազմական ուժը ճաք են տալիս, սա կարևոր հետևանք կունենա Ուկրաինայի պատերազմի հարցում»,- ասել է Բորելը:

«Վագներ»-Կրեմլ առճակատմանը նաև ՆԱՏՕ-ի ղեկավարն է անդրադարձել: Լիտվայում Յենս Ստոլտենբերգը ներկա էր դաշինքի մաս կազմող գերմանական բանակի մոտ 5 հազար զինծառայողների մասնակցությամբ զորախաղերին:

Սցենարով ՆԱՏՕ-ն պետք է հնարավորինս արագ Լիտվայում տեղակայեր ստորաբաժանումներ Ռուսաստանի հետ արագ սրվող ճգնաժամի պայմաններում:

«Անցած շաբաթավերջին տեղի ունեցածը Ռուսաստանի ներքին խնդիրն է, բայց այն ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչ կոպիտ ռազմավարական սխալ է գործել Ռուսաստանը, երբ ապօրինաբար զավթել է Ղրիմը և հարձակվել է Ուկրաինայի վրա: Եվ քանի որ Ռուսաստանը շարունակում է իր հարձակումը, մենք կշարունակենք մեր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը:

Առանձնապես բան չկա, ընդամենը զինված հեղաշրջման փորձ էր

Այսօր վերջապես հեռուստաէկրաններին հայտնվել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որին Պրիգոժինն իր ուղերձներում ամենակեղտոտ բառապաշարով էր նկարագրում:

Շոյգուն, ըստ Պաշտպանության նախարարության, տեսչական այցով մեկնել է Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիային մասնակցող զորամիավորման առաջավոր հրամանատարական կետ և «այնտեղ հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցն է լսել ու հանձնարարականներ տվել»:

Նախագահ Պուտինն էլ ուղերձով դիմել է երիտասարդների ճարտարագիտական ֆորումի մասնակիցներին:

Ռուսները բոլոր մակարդակներում, կարծես, ուզում են ժողովրդին համոզել, թե անցած երկու օրում առանձնապես բան չի պատահել, դե ընդամենը հեղաշրջման փորձ էր, ձախողվեց, ի՞նչ կա որ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG