Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները քննարկել են վերջին իրադարձությունները Ռուսաստանում


Ճապոնիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ յոթնյակի գագաթնաժողովում, Հիրոսիմա, 21-ը մայիսի, 2023թ.
Ճապոնիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ յոթնյակի գագաթնաժողովում, Հիրոսիմա, 21-ը մայիսի, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում՝ «Վագներ»-ի զինյալների ապստամբության փորձը։

«Նրանք քննարկել են Ուկրաինայի շարունակվող հակահարձակումը, և նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը, այդ թվում՝ անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության շարունակության միջոցով», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:

Զելենսկին Տելեգրամի իր պաշտոնական էջում հայտնել է, որ Բադենի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հարցը՝ կենտրոնանալով հեռահար սպառազինության համակարգերի տրամադրման վրա։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու համար։

Բացի այդ, Զելենսկու խոսքով, նախագահները համակարգել են իրենց դիրքորոշումները Վիլնյուսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին և Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևի իրագործման ու Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստման առնչությամբ։

XS
SM
MD
LG