Մատչելիության հղումներ

«Պրիգոժինն ընդունել է զորաշարժը կանգնեցնելու, լարվածությունը թուլացնելու Լուկաշենկոյի առաջարկը»


Բելառուսի նախագահականը հայտարարում է, թե Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին:

«Սեղանին է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ`«Վագների» զինյալների համար անվտանգության երաշխիքների տրամադրմամբ», - հայտարարել է պաշոնական Մինսկը առանց հավելյալ մանրամասների:

Նշվում է միայն, որ Լուկաշենկոն բանակցությունները վարել է ողջ օրվա ընթացքում`նախագահ Պուտինի համաձայնությամբ. «Կողմերը համաձայնել են, որ չի կարելի արյունահեղության գնալ»:

Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, Կրեմլի մերձակայքում երթևեկում են զրահամեքենաներ. առնվազն մեկ քաղաք`Դոնի Ռոստովը գտնվում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հսկողության տակ:

XS
SM
MD
LG