Ռազմական հեղաշրջման փորձ, հեղափոխություն, ապստամբություն, խռովություն. այս բառերով են նկարագրում այն, ինչ երեկվանից կատարվում է Ռուսաստանում։ Փորձագետներից ոմանք արդեն կարծիք են հայտնում, թե ռուսական բանակի ու Կրեմլի դեմ դուրս եկած Եվգենի Պրիգոժինը ի վերջո կպարտվի, քանի որ ապստամբել է ոչ թե կոնկրետ պաշտոնյաների, այլ համակարգի, այսինքն՝ Պուտինի դեմ և պատերազմ է հայտարարել անձամբ Պուտինին։
«Русь сидячая» կազմակերպության ղեկավար Օլգա Ռոմանովան կատարվածն անվանում է հեղաշրջման փորձ և պնդում, թե այս սցենարը կանխատեսելի էր. - «Սա հեղաշրջման փորձ է։ Եվ Պրիգոժինը վերջին վեց ամիսների ընթացքում գնում էր սրան, դա լիովին ակնհայտ էր: Հուսով եմ, որ դա ակնհայտ էր ոչ միայն ինձ համար, քանի որ Պրիգոժինը, իհարկե, այս պահին այն վիճակում է, որ պատրաստ է ամեն ինչի: Վերջին վեց ամսվա ընթացքում նրա բոլոր հայտարարությունները վկայում էին, որ նա հասկանում է՝ կա՛մ իրեն կձերբակալեն, կա՛մ իր դեմ մահափորձ են իրականացնելու։ Լինելով խելացի ու ցինիկ մարդ՝ նա, իհարկե, պատրաստվել է այս ապստամբությանը»։
Պուտինի առավոտվա ելույթից հետո, որում նա հստակ ասաց, թե ապստամբները դավաճան են, մեկը մյուսի հետևից սկսեցին խոսել բարձաստիճան պաշտոնյաները՝ նահանգապետեր, պուտինյան էլիտայի մյուս անդամները։ Նրանց հիմնական միտքն այն է, թե իրենք էլ շատ հարցեր ունեն Պաշտպանության նախարարությանը, բայց այսօր պատերազմ է, և նման իրավիճակում սեփական բանակի դեմ ապստամբելը դավաճանություն է։
Վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ Պրիգոժինը հույսը դնում է ոչ թե բարձաստիճան պաշտոնյաների կամ գեներալների վրա, այլ միջին և ցածր օղակի սպաների և շարքային զինվորականների։ Ավելին՝ «Վագներ»-ի ղեկավարը ռուսաստանցիներին ապացուցում է, որ իրականությունը տարբերվում է դաշնային ալիքներով ցուցադրվողից։ Ոմանք նրան նույնիսկ Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսներից Ալեքսեյ Նավալնիի հետ են համեմատում՝ հավելելով, թե Պրիգոժինն, անշուշտ, ավելի մոտ է ժողովրդին։
Քաղաքագետ Աբաս Գալյամովը համոզված է, թե սա ամեն դեպքում Պուտինի պարտության սկիզբն է. - «Պրիգոժինի ապստամբությունը մոտեցնում է Պուտինի անկումը։ Սակայն, եթե Պուտինին հաջողվի արագ և առանց մեծ զոհերի ճնշել այն, բոլորը կասեն, դե հա, Պուտինն է առաջնորդը, բայց սա միևնույն դեպքում կարճաժամկետ հաղթանակ կլինի։ Մեծ հաշվով Պուտինն արդեն պարտվել է», - ասում է նա։
Այս ընթացքում սոցիալական ցանցերում գրառումներ են, թե ցարն իսկական չէ։ Ընդդիմադիրներից ոմանք էլ ասում են, թե այս երկուսի պատերազմում պետք է աջակցել Պուտինի դեմ դուրս եկածին։ Նման կոչով է մասնավորապես հանդես եկել Պուտինի կոշտ ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին. - «Օգնեք թեկուզ սատանային, եթե նա որոշի ընդդիմանալ այս ռեժիմին: Օգնեք, քանի որ ագրեսիվ պատերազմ սանձազերծելուց ավելի վատ հանցագործություն չկա: Եթե մի հանցագործ պատրաստ է պատերազմել մյուսի դեմ, հիմա մեզ պետք է օգնել նրան, իսկ հետո, եթե պետք լինի, մենք նաև սրա հետ կկռվենք: Եվ այո, սա դեռ սկիզբն է։ Հաջողություն!»։
Ռուսաստանցի բլոգերների մի մասն էլ գրում է՝ հիմա կարևորը ժամանակն է, եթե Պրիգոժինին հաջողվի մի քանի օր դիմանալ, Պուտինը դե ֆակտո կկորցնի իր լեգիտիմությունը ռուսների աչքերում։