Մատչելիության հղումներ

The Washington Post. «Ամերիկյան հետախուզությունը տեղյակ էր Պրիգոժինի ծրագրից, բայց ժամկետի մասին չգիտեր»


«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինը, Դոնի Ռոստով, 24 հունիսի, 2023թ.
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինը, Դոնի Ռոստով, 24 հունիսի, 2023թ.

The Washington Post օրաթերթի փոխանցմամբ, ամերիկյան հետախուզությունը հունիսի կեսերին տեղեկություն է ստացել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինի ապստամբության հնարավորության վերաբերյալ և անմիջապես այդ մասին զգուշացրել է Սպիտակ տանը, պետական դեպարտամենտին, Պենտագոնին, Կոնգրեսին և կառավարական այլ պատկան կառույցներին:

«Եղել են բավական թվով ազդակներ, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկանա, որ ինչ-որ բան է խմորվում, և անակնկալի չբերվի, երբ դա տեղի ունենա, սակայն Պրիգոժինի հստակ ծրագրի և դրա իրագործման ստույգ ժամկետի մասին տեղեկություն չի եղել»,- ասել է The Washington Post օրաթերթի անանուն աղբյուրը:

Երեկ Պրիգոժինը Տելեգրամ-ալիքում հայտնել է, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել և դրա համար մեղադրել է Դաշնության ռազմական ղեկավարությանը:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հոդվածով, իսկ Պաշտպանության նախարարությունը հերքել է «Վագների» ջոկատներին հարվածելու մասին Պրիգոժինի պնդումները:

Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է հանրությանը և «Վագների» գործողությունները որակել է որպես «դավաճանություն» ու հայտարարել, թե մեղավորների նկատմամբ կկիրառվեն խիստ միջոցներ:

Հետագայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ կայացվել է փոխզիջում, ըստ որի «Վագները» հրաժարվել է Մոսկվայի ուղղությամբ շարժվելու մտադրությունից և սկսել է հսկողության տակ առած բնակավայրերից վերադառնալ դաշտային ճամբարներ:

Մոսկվան որոշել է Պրիգոժինի նկատմամբ գործը կարճել, քանի որ նա հավաստիացրել է, որ կտեղափոխվի Բելառուս:

Վագներականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ «իշխանությունները որոշել են հաշվի առնել նրանց մասնակցությունը «հատուկ ռազմական օպերացիային» և մարտական վաստակը»:

XS
SM
MD
LG