Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը ռուսական կողմի հետ քննարկել է Պրիգոժինի ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը


Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, արխիվ, Մոսկվա:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ասել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության երեկվա նախաձեռնած ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ ինքը շփումներ է հաստատել Ռուսաստանի արտաքին գերատեսչության հետ: Այդ մասին դեսպանը հայտնել է CBS հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

Դեսպանը նշել է, որ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ այդ հեղաշրջման փորձի վերաբերյալ անձամբ չի զրուցել:

Ըստ CBS-ի, ռուս-ամերիկյան շփումներն իրականացվել են «դեսպանի և ԱԳՆ-ի, ինչպես նաև մի շարք այլ ատյանների մակարդակներով»:

Մեկնաբանելով թեման՝ Բլինքենն ասել է, որ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ կապվել է ռուսական կողմի հետ՝ համոզվելու, որ ռուսները կատարելու են դիվանագիտական աշխատողների և Ռուսաստանում գտնվող բոլոր ամերիկացիների անվտանգությունը երաշխավորելու պարտավորությունը:

Բլինքենը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Ջո Բայդենը կապվել է նախագահ Վլադիմիր Պուտինի, կամ Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ:

«Մտադիր չեմ մանրամասների մասին խոսել, կարող եմ միայն հայտնել, որ շաբաթավերջին մենք որոշակի փոխգործություն ենք անցկացրել ռուսական կողմի հետ, որ համոզվենք, որ նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մեզ համար դա կարևոր էր, և մենք դա արել ենք»,- ասել է Բլինքենը:

XS
SM
MD
LG