Մատչելիության հղումներ

Բլինքեն. Քաոսը Ռուսաստանում դեռ շարունակվում է, անկայունությունը կարող է երկար տևել


Ռուսաստան - Վագներականները դուրս են գալիս Դոնի Ռոստովից, 24-ը հունիսի, 2023թ.
Ռուսաստան - Վագներականները դուրս են գալիս Դոնի Ռոստովից, 24-ը հունիսի, 2023թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե «Վագներ»-ի վարձկանների կողմից Վլադիմիր Պուտինի իշխանությանն աննախադեպ մարտահրավեր նետելուց հետո քաոսը Ռուսաստանում դեռ շարունակվում է: Նրա կարծիքով՝ անկայունությունը կարող է դեռ երկար տևել:

«Ես չեմ կարծում, որ մենք տեսանք վերջնական գործողությունը։ Սա Պուտինի համար կործանարար ռազմավարական ձախողում էր գրեթե բոլոր ճակատներում՝ տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական», - ասել է պետքարտուղարը:

Բլինքենը Ռուսաստանում շաբաթավերջին տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններին անդրադարձել է մի շարք հարցազրույցներում, հայտարարելով, թե Պրիգոժինի գլխավորած ապստամբությունից հետո Պուտինը ստիպված է լինելու առաջիկա շաբաթներին և ամիսներին կարգավորել մի շարք խնդիրներ։

Ամերիկյան The New York Times և The Washington Post պարբերականները գրել են, թե ամերիկյան հետախուզությունը նախօրոք գիտեր, որ Պրիգոժինն ապստամբություն է ծրագրում, սակայն Վաշինգտոնում որոշել էին ռուսներին չհայտնել։ CNN-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե ԱՄՆ հետախուզության աշխատակիցները կարծում են՝ Պրիգոժինը բավականին երկար ժամանակ էր ծրագրում լուրջ մարտահրավեր նետել Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, սակայն նրա վերջնական նպատակն անհասկանալի էր։

Բլինքենն, իր հերթին, ասել է, թե նախագահ Բայդենը չի փորձել կապվել Պուտինի հետ:

Որտեղ է Պրիգոժինը՝ հայտնի չէ, վերջին անգամ նրան տեսել են հունիսի 24-ի ուշ երեկոյան ամենագնաց ավտոմեքենայով Դոնի Ռոստովից հեռանալու պահին՝ այն բանից հետո, երբ Կրեմլը հաղորդել էր Բելառուսի նախագահի միջնորդությամբ ճգնաժամը կարգավորելու համաձայնության մասին։

Կիրակի օրը կասեցվել է նրա դեմ հարուցված քրեական գործը՝ չնայած այն հանգամանքին, որ դեպի Մոսկվա «Վագներ»-ի ստորաբաժանումների երթի ժամանակ վարձկանները խոցել էին մի քանի ուղղաթիռ և օդանավ, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել ։ Զոհերի մասին տվյալներ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում:

Այն, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում, արևմտյան փորձագետների կարծիքով՝ կարող է ազդել ուկրաինական պատերազմի վրա, քանի որ Պրիգոժինի ապստամբությունը լրջորեն թուլացրել է Պուտինի դիրքերը նաև ռուսական ռազմական էլիտայի շրջանում։

Հունիսի 24-ի առավոտյան Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները և որոշել է հասնել Մոսկվա։ Նա մեղադրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձախողելու մեջ, և հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա։ Հունիսի 24-ին ուշ երեկոյան Պրիգոժինը և Ռուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, դադարեցվեց վարձկանների երթը դեպի Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են կասեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։ «Վագներ»-ի ղեկավարը, ըստ այդ պայմանավորվածության, պետք է մեկներ Բելառուս, իսկ մասնավոր ռազմական ընկերության վարձկանները՝ դաշտային ճամբարներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG