ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտնել է, որ զրուցել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ այն բանից հետո, երբ «Վագների» գրոհայինները Ռուսաստանի հարավում վերասկողության տակ վերցրին ռազմական որոշ օբյեկտներ։
«Միացյալ Նահանգները սերտ կոորդինացման մեջ կլինի դաշնակիցների և գործընկերների հետ, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ»,- Թվիթերում գրել է նա։
«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Ուկրաինային Միացյալ Նահանգների աջակցությունը չի փոխվի»,- հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, արձագանքելով ռուսաստանյան իրադարձություններին, ընդգծել է քաղաքացիական անձանց պաշտպանելու կարևորությունը։
«Մենք շփումների մեջ ենք դաշնակիցների հետ և հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Նրանցից մի քանիսի հետ ես այսօր կխոսեմ ավելի ուշ, բայց գլխավորը, որպեսզի բոլոր կողմերը պատասխանատու գործեն և պաշտպանեն քաղաքացիական բնակչությանը»,- BBC-ի հարցազրույցում ասել է Սունակը։
Եվրամիությունը հետևում է Ռուսաստանի իրավիճակին և տեղի ունեցողը համարում է այդ երկրի ներքին գործը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «Վագներ» մասնավոր ռազմական զինված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի կոչերն ու գործողությունները։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները անդրադարձել են ռուսաստանյան իրադարձություններին, սահմանակից երկրները նաև հայտնում են սահմանային անվտանգությունը ուժեղացնելու մասին։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություններ է անցկացրել կառավարության ղեկավարի, պաշտպանության նախարարի, ինչպես նաև դաշնակիցների հետ։ «Մեր արևելյան սահմաններից դուրս իրադարձությունները մոնիթորինգի տակ են ընթացիկ հիմքով»,- նշել է Լեհաստանի նախագահը։
«Տեսնում եմ՝ իմ ամառային հանգիստը Ղրիմում մոտենում է»,- Թվիթերի իր էջում գրել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին։
Չեխական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Լիպավսկին ասել է, որ Չեխիան մոտիկից հետևում է ռուսաստանյան իրադարձություններին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում շարունակվող ներխուժմանը և երկրում անվտանգային իրավիճակի քայքայման հնարավոր սպառնալիքներին, ապա հատկապես Եվրամիության և ՆԱՏՕ-ի քաղաքացիների համար Ռուսաստան ճամփորդելու դեմ մեր խիստ նախազգուշացումը ուժի մեջ է»,-ասել է Լիպավսկին։
Մերձբալթյան երկրները ևս հանդես են եկել մեկնաբանություներով։
«100 տարի լիտվացիներն ապրել են Մոսկվայի դաժան ավազակապետության եզրին, գիտակցելով, որ քաոսային հաջորդ պայթյունը ժամանակի հարց է։ Մենք շփոթված չենք։ Նպատակը ինչպես միշտ Ուկրաինայի համար հաղթանակն է ու արդարությունը։ Հիմա է ժամանակը», - ասել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Էստոնիան ուշադիր հետևում է Ռուսաստանում իրավիճակի զարգացմանը և տեղեկատվություն փոխանակում դաշնակիցների հետ։ Կարող եմ վստահեցնել, որ մեր երկրին ուղղակի վտանգ չկա։ Սահմանների անվտանգությունը ուժեղացվել է։ Ես նաև հորդորում եմ մեր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստանի որևէ շրջան»,- Թվիթերի իր էջում գրել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը ասել է, որ երկրի ղեկավարությունը և համապատասխան իշխանությունները անդադար հետևում են Ռուսաստանում զարգացող իրադարձություններին և դիտարկում անհրաժեշտ միջոցներ։ Օպերատիվ ուժեղացվել է Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունը։ Սահմանապահ ծառայությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և համապատասխան ծառայությունները մշտական կապի մեջ են գտնվում, նշել է նա։
Ռուսական իրադարձություններին հետևում են նաև Գերմանիայում, Ֆրանսիայում։ Ելիսեյան պալատը շեշտել է, որ Փարիզի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ աջակցությունը Ուկրաինաին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Դաշնությանը դաշնակից ու գործընկեր մնացած մի քանի երկրների ղեկավարների հետ։
Կրեմլը հաղորդում է, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է երկրի իրավիճակի մասին՝ կապված զինված խռովության փորձի հետ։ Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ:
Իրանի արտգործանախարարությունը հայտարարել է, թե այն, ինչ կատարվում է հիմա Ռուսաստանում, այդ երկրի ներքին գործն է, և հավելել, որ Թեհրանը սատարում է օրենքի գերակայությանը Ռուսաստանում:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահների հետ։
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Կասիմ-Ժամարտ Տոկաևը Ռուսաստանի իրադարձությունները համարել է երկրի ներքին գործը։
Վրաստանի իշխանություններն այս փուլում Ռուսաստանի հետ սահմանը փակելու կամ այլ միջոցառումների դիմելու անհրաժեշտություն չեն տեսնում։
«Կազբեկի-Վերին Լարս անցակետերի սահմանային շրջանում երկու կողմերից մեքենաների երթևեկության ավելացում չի նկատվում։ Վրաստանի ՆԳՆ ստորաբաժանումները ամբողջովին վերահսկում են իրավիճակը»,- նշված է ռուսաստանյան իրադարձությունների վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահը Թվիթերում գրել է․ «Ռուսաստանի թուլությունը ակնհայտ է։ Ռուսաստանը որքան երկար պահի իր զորքերն ու վարձկանները մեր հողում, այնքան շատ նրանք քաոս, ցավ ու խնդիրներ կունենան»։