Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին առնչվող քննարկումները երեկվա իրադարձություններից հետո։
«Ես տեղյակ չեմ որևէ փոփոխության [պաշտպանության նախարարի նկատմամբ Պուտինի վստահության հարցում]», - ասել է նա։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները նախագահի լիազորությունների մեջ են մտնում, և այդ հարցը հազիվ թե քննարկված լինի Բելառուսի նախագահի և «Վագների» ղեկավարի բանակցությունների ընթացքում:
Նա նաև ասել է, որ տեղի ունեցածը որևէ կերպ չի անդրառադնա Ուկրաինայում ռազմական գործողության վրա։
«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը նախօրեին հայտարարեց, թե անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով ռուսական բանակը հրթիռակոծել է իր վարձկանների դիրքերը, ուստի ինքը «արդարության երթ է սկսում» դեպի Մոսկվա`մեղավորներին պատժելու համար: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Օրվա ընթացքում Պրիգոժինը հայտարարեց, թե իր վարձկանները վերահսկողության տակ են առել Ռոստովի և Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները: Դրանք ծառայում էին որպես լոգիստիկ կարևոր կենտրոն Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զինուժի համար:
Արդեն երեկոյան Բելառուսի նախագահականը հաղորդեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին: Սրան հաջորդեց զինյալների առաջնորդի հայտարարությունը, թե իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ։
«Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, նրա դեմ հարուցված քրգործը կկարճվի, հայտարարեց Կրեմլի խոսնակը։