Մատչելիության հղումներ

Եռամյա դադարից հետո վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կվերսկսվեն


Վրաստան - Դավիթ Գարեջի վանական համալիրը, արխիվ
Վրաստան - Դավիթ Գարեջի վանական համալիրը, արխիվ

Մոտ երեք տարվա դադարից հետո Թբիլիսին ու Բաքուն պայմանավորվել են վերսկսել վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Այս մասին կողմերը հայտարարել են երկուշաբթի օրը Թբիլիսիում երկու երկրների փոխարտգործնախարարների ղեկավարությամբ տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների ավարտին։

Վրաստանն ու Ադրբեջանը բաժանող շուրջ 446-կիլոմետրանոց սահմանի սահմանագծման շուրջ բանակցությունները դադարեցին, երբ Վրաստանի դատախազությունը քրեական գործ հարուցեց դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի երկու վրացի փորձագետների դեմ։ Քարտեզագիրները մեղադրվում են հայրենիքի 14 քառակուսի կիլոմետրը բառացիորեն վաճառելու մեջ։ Իրավապահները պնդում են, որ վրաց մասնագետները, որոնց դեմ հարուցված քրեական գործի քննությունը մինչ օրս էլ շարունակվում է, ադրբեջանական կողմի հետ քննարկումների ընթացքում միտումնավոր կերպով սխալ քարտեզներից են օգտվել և փորձել հօգուտ Բաքվի որոշում կայացնել՝ խախտելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Վրաստանի իշխանությունների գնահատմամբ՝ քարտեզագիրների քայլերի հետևանքով մասնավորապես «Դավիթ Գարեջի» միջնադարյան վանական համալիրի մի մասն անցնում է Ադրբեջանին, մինչդեռ ըստ վրացական կողմի՝ 6-րդ դարում կառուցված համալիրը Վրաստանի պատմական տարածքն է և վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը:

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը մեկնարկել է 1996 թվականին։ Այս ընթացքում հարևան երկրներին հաջողվել է համաձայնեցնել պետական սահմանի մեծ մասը՝ ավելի քան 300 կիլոմետրը, սակայն վանական համալիրի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ, ինչի հետևանքով համալիրի շուրջ իրադրությունը ժամանակ առ ժամանակ լարվում է։

«Դավիթ Գարեջիի» շուրջ վեճը սրվեց 2019 թվականի գարնանը, երբ ադրբեջանցի սահմանապահները թույլ չտվեցին վրաց ուխտավորներին մուտք գործել վանական համալիրի տարածք։ Նույն տարում Ադրբեջանը սկսեց դեպի համալիր տանող նոր ճանապարհի կառուցումը, ինչը Թբիլիսիում ընկալվեց որպես «Դավիթ Գարեջիի» հանդեպ վերահսկողություն սահմանելուն ուղղված ևս մեկ քայլ։

Ադրբեջանական կողմը կասկածի տակ է դնում «Դավիթ Գարեջիի» վրացական ծագումը, այն անվանում է Քեշիքչիդաղ, չբացառելով, որ այն աղվանական ճարտարապետության նմուշ է։

Բացի այդ, Բաքվում բացառում են, թե կարող են Վրաստանին վերադարձնել վանական համալիրի այն հատվածը, որն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Թեև վրացական կողմը պնդում է՝ «Դավիթ Գարեջին Վրաստան է», և քարտեզագիրներին ծանր մեղադրանքներ ներկայացրել վանական համալիրի տարածքը վաճառելու համար, «գնորդի» անունը, սակայն, վրացական կողմը երբեք չի հիշատակում։

Վանքի շուրջ լարվածության ֆոնին միայն որոշ ակտիվիստներ Վրաստանում սկսեցին կիրառել #AzerbaijanisanOccupier հեշթեգը և կոչ անել բոյկոտել Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն, երկու տարի առաջ մեկնաբանելով «Դավիթ Գարեջիի» խնդիրը, հայտարարեց, թե Ադրբեջանը Վրաստանի մերձավոր և ռազմավարական ընկերն է, և որ այդ երկիրը ղեկավարում է «իմաստուն առաջնորդ պարոն Ալիևը», որի հետ ինքը «հրաշալի հարաբերություններ ունի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG