Մատչելիության հղումներ

«Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվել է


«Դավիթ Գարեջի» վանական համալիրը վրաց-ադրբեջանական սահմանին, արխիվ
«Դավիթ Գարեջի» վանական համալիրը վրաց-ադրբեջանական սահմանին, արխիվ

Վրաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվել է, երկու հարևանների միջև լարվածության ֆոնին Բաքու է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլյա երկրորդը իշխանություններին կոչ է արել պարզել վանական համալիրին մաս կազմող Չիչխիթուրի և Ուդաբնո եկեղեցիների պատկանելիությունը: Վարչապետին, արտգործնախարարին և ներքին գործերի նախարարին հղած բաց նամակում Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը հիշեցրել է, որ վրաց - ադրբեջանական սահմանին գտնվող վանական համալիրի տարածքը պատկանում է Վրաստանին:

Իլյա երկրորդը նույնը պնդել է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին հղած նամակում: Պատրիարքը վկայակոչում է դեռևս 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց համաձայն այդ երկու եկեղեցիները փոխանցվել են Վրաց ուղղափառ եկեղեցուն:

Իլյա երկրորդը նաև պահանջել է վերադառնալ վրաց-ադրբեջանական վիճելի սահմանագծերի նախկինում գործող իրավական կարգավիճակին և խնդիրներ չստեղծել ուխտավորների, հոգևորականների ու զբոսաշրջիկների տեղաշարժերի հետ կապված:

Պատրիարքը հույս է հայտնել, որ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի վարչապետի շնորհիվ «հարցը դրական լուծում կստանա, և կվերականգնվի միջազգային նորմերով ամրագրված պատմական արդարությունը»:

Վրաց հոգևոր առաջնորդի այս նամակը հաջորդում է Ադրբեջանի իշխանությունների կողմից երկու երկրների միջև տասնամյակներ շարունակ կռվախնձոր դարձած վանական համալիրի տարածքում սահմանային ուղեկալի տեղադրմանը, որի հանդիսավոր արարողությանը մասնակցել են ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հարյուրավոր կիլոմետրեր ձգվող վրաց-ադրբեջանական սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, չնայած այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում 90-ականներից: Ամիսներ առաջ կողմերը կրկին պայմանավորվել էին վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար, սակայն գործընթացը մինչ օրս տեղից չի շարժվել:

Առայժմ հստակ չէ՝ Վրաստանի կառավարության ղեկավարն այդ պաշտոնում Ադրբեջան իր առաջին այցի ընթացքում քննարկե՞լ է թեման Ալիևի վարչակազմի հետ, թե՞ ոչ: Երկու երկրներից ստացվող պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին չի հաղորդվում, փոխարենը նշվում է, որ Գիորգի Գախարիան նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Վրաստանի և Ադրբեջանի միջև չլուծվող խնդիրներ չկան:

«Վարչապետի պաշտոնում իմ առաջին այցը Ադրբեջան պատահական չէ, մենք վստահ ենք, որ այս այցով մենք ևս մեկ անգամ կապացուցենք մեր բարեկամներին ու թշնամիներին, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն չունեն խնդիրներ», - մասնավորապես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

XS
SM
MD
LG