Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը կոչ է անում չքաղաքականացնել Ադրբեջանի հետ սահմանային վեճերը


Պաշտոնական Թբիլիսին կրկին կոչ է անում չքաղաքականացնել վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի՝ նախևառաջ վիճելի համարվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության հարցը։ Այս մասին նախօրեին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ մեկ անգամ ևս անդրադառնալով այն պնդումներին, թե նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք վրացական կողմը անհարկի զիջումների է գնացել Ադրբեջանին։ Գախարիայի պնդմամբ` այս հարցում կրքերի անհարկի թեժացումը նախևառաջ հենց Վրաստանին կարող է վնասել։

«Նախկինում ևս ասել եմ և այժմ էլ կրկնում եմ՝ ցանկացած տեսքով որևէ մեկի կողմից «Դավիթ Գարեջիի» խնդրի քաղաքականացումը մեր պետության համար խիստ վտանգավոր է։ Սա այն աստիճան նուրբ հարց է, որ բոլորս պետք է շատ զուսպ լինենք և սպասենք ընթացիկ հետաքննության ավարտին։ Բոլորս էլ այնպիսի մոտեցում պետք է որդեգրենք, որը կբխի բացառապես ազգային շահերից։ Մենք պետք է զերծ մնանք այնպիսի քայլերից, որոնք անգամ տեսականորեն կարող են նպաստել «Դավիթ Գարեջիի» խնդրի քաղաքականացմանը։ Մեզ համար պետք է կարևոր լինի թե վանական համալիրի և թե մեր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերությունների ապագան», - հայտարարում էր Գախարիան։

«Դավիթ Գարեջիի» շուրջ քննարկումները ակտիվացան այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Թբիլիսիի դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Սահմանազատման վրաց-ադրբեջանական հանձնաժողովի անդամներ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլյիչևային։ Նրանք կալանավորվել էին անցած տարվա հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց՝ պնդելով, որ դեռ 2000-ականների կեսերին՝ Միխայիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին, երկու պաշտոնյաները միտումնավոր կերպով Ադրբեջանի հետ սահմանն այնպես են գծել, որ «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մի մասը անցնի հարևան պետությանը։

«Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանի դեմարկացիան իրականացնել 1938 թվականին թողարկված քարտեզի հիման վրա։ Հետագայում, սակայն, Մելաշվիլին և Իլիչևան միտումնավոր կերպով թաքցրել են այդ քարտեզը՝ առաջնորդվելով 1970-80-ական թվականներին հրապարակված մի շարք այլ, վրացական կողմի համար ոչ շահեկան քարտեզներով», - քրեական գործի հարուցման փուլում հայտարարում էր Գլխավոր դատախազությունը։

Վրացական ընդդիմությունը, սակայն, վերջին ամիսներին շարունակ պնդում էր, որ կալանավորված քարտեզագիրներն իրականում քաղաքական բանտարկյալներ են, և իշխանությունները նախընտրական շրջանում նրանց ցանկանում էին որպես քարոզչական կռվան օգտագործել գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» դեմ։ Վերջին ամիսներին ծավալված հանրային արշավը, սակայն, ստիպեց Թբիլիսիի քաղաքային դատարանին փոխել Սահմանազատման վրաց-ադրբեջանական հանձնաժողովի անդամների խափանման միջոցը։

Ուշագրավ է ի դեպ, որ նրանց ազատման համար որպես գրավ սահմանված 40 հազար լարին սոցիալական ցանցերի օգտատերերը հավաքեցին ընդամենը երկու ժամում։ Վրաց ուղղափառ եկեղեցում սպասավորները, սակայն, վստահ են՝ Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի ընթացքում մեքենայություններ եղել են։

«Ինչո՞ւ բանակցությունների կեսից հանձնաժողովի կազմը փոխվեց։ Ինչո՞ւ Ադրբեջանի և Վրաստանի նախագահների ստորագրած պայմանագրից հետո այն քարտեզը, որով «Դավիթ Գարեջին» վրացական տարածք էր սահմանվում, դադարեց բանակցային սեղանին դրված գլխավոր փաստաթուղթ հանդիսանալ», - նախօրեին Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում առայժմ անպատասխան հարցերի նման մի շարք էր հնչեցնում վիճահարույց վանական համալիրի սպասավորներից մեկը՝ հայր Կիրիոնը։

Թբիլիսիում, սակայն, հույս ունեն, որ առաջիկա ամիսներին, երբ կորոնավիրուսի համաճարակը գուցե որոշակիորեն նահանջի, հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունները՝ շարունակելով նաև սահմանազատման պրոցեսը։ Վերջին անգամ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ կողմերը այս հարցը քննարկել էին նախորդ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում։

«Մենք հույս ունենք, որ [երկկողմ] հանձնաժողովի նիստը կնշանակվի սեղմ ժամկետներում։ Սեպտեմբերին մենք Ադրբեջանի արտգործնախարարի այցի ժամանակ հավելյալ փաստաթղթեր ենք ներկայացրել։ Պետք է, սակայն, հասկանալ, որ սա շատ զգայուն պրոցես է, և այս հարցին կողմերը շատ մեծ պատասխանատվությամբ են մոտենում», - հայտարարում է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Հիշեցնենք, որ «Դավիթ Գարեջիի» շուրջ իրավիճակը սրվեց 2018-ի գարնանը, երբ ադրբեջանական կողմը վանական համալիրի տարածքում սահմանապահ ուղեկալ տեղակայեց։ Անցած տարեվերջին էլ արդեն Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ 2021 թվականի ընթացքում պատրաստվում են «Դավիթ Գարեջիի» տարածքում սահմանային անցակետ տեղադրել՝ ամերիկյան ֆինանսավորմամբ այն հագեցնելով տեխնիկական նորագույն միջոցներով։

XS
SM
MD
LG