Վրաստանն իր չորս հարևաններից հստակ սահմանագիծ ունի Հայաստանի և Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ կան վիճելի հարցեր։
2021 թվականը ռուսական ուղղությամբ սկսվեց լարվածությամբ։ Վլադիմիր Պուտինը սահմանազատման հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակեց փորձառու դիվանագետներից մեկին։ Մոսկվան ցանկանում է ճշգրտել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանները։ Բայց քանի որ Թբիլիսին և միջազգային հանրությունն Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածք են համարում, միջազգային իրավունքի տեսանկյունից ստացվում է, որ Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի սահմանի դեմարկացիա անել առանց Վրաստանի մասնակցության։
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան ասել է, թե Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները խնդիր են ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ «Որովհետև Ռուսաստանի գործողությունները սպառնում են ոչ միայն մեր երկրի, այլ նաև Եվրատլանտյան տարածքի անվտանգությանը։ Այդ կապակցությամբ մենք աշխատում ենք միջազգային մեր գործընկերների հետ՝ հասնելու ընդհանուր նպատակներին», - նշել է նա։
Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովից Նիկոլոզ Սամխարաձեն Ռուսաստանի նախագահի՝ սահմանազատման հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակմանը մեծ նշանակություն չի տալիս։ «Դա նոր պատմություն չէ, պարզապես մարդ է փոխվել։ Այդ հանձնաժողովը նախկինում էլ կար, հիմա փոխվել է ղեկավարը», - ասել է նա։
Ընդդիմությունն այդ հարցին ավելի լուրջ է վերաբերվում և իշխանությանը մեղադրում է վատ արտաքին քաղաքականություն վարելու մեջ։ «Ազգային շարժման» առաջնորդներից Խաթիա Դեկանոիձեի գնահատմամբ՝ իշխող «Վրացական երազանք»-ը Ռուսաստանին չգրգռելու քաղաքականություն է վարում, որը տարածքների դեօկուպացիայի գործում որևէ արդյունք չի տալիս: «Միջազգային իրավունքի համաձայն՝ օկուպացված տարածքներում որևէ սահմանազատման մասին խոսք անգամ չի կարող լինել», - ընդգծել է նա:
Վրաստանի փորձագիտական հանրությունը ևս համաձայն է, որ Մոսկվայի հետ խաղերը լավագույն ռազմավարությունը չեն:
Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Զուրաբ Պատիաշվիլին մասնավորապես ասել է. - «Ծայրահեղ կարևոր հարց է, թե որտեղով է անցնում Վրաստանի սահմանը, կամ ավելի ճիշտ՝ ինչ սահմաններով է Ռուսաստանը ճանաչում Վրաստանը: Առանց այդ հարցի հստակեցման՝ բոլոր հայտարարությունները ինքնախաբեություն են: Ռուսաստանի հետ սիրախաղը դժվար թե լավ արդյունքների հանգեցնի, անհրաժեշտ է սկզբունքային դիրքորոշում ունենալ»:
Ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանային հին վեճը անցած աշնանը կրկին քննարկումների առիթ դարձավ հին քարտեզի հետ կապված: Այստեղ մեղավոր համարվեցին Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության ժամանակ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Իվերի Մելաշվիլին և փորձագետ Նատալյա Իլիչևան, և նրանք հայտնվեցին մեկուսարանում:
Վրաստան-Ադրբեջան սահմանի վիճահարույց հատվածը Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում է: Այսօրվա դրությամբ տարածքի մի մասը պատկանում է Ադրբեջանին, ժամանակ առ ժամանակ ուխտավորների և Ադրբեջանի սահմանապահների միջև խնդիրներ են առաջանում:
Խորհրդային շրջանի քարտեզներից մեկով Դավիթ Գարեջիում Վրաստանի դիրքերն ավելի բարենպաստ են՝ համալիրը Վրաստանի տարածքում է:
Ընդհանրապես, Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշելու երկու համաձայնագիր է կնքվել, մեկը՝ 1920 թվականին, մյուսը՝ 1938-ին: 1920-ի համաձայնագիրը հիմա չի քննարկվում, վրացական կողմը պնդում է, որ այն ժամանակ շատ տարածքներ են անցել Ադրբեջանին, բայց այդ հարցերը հիմա քննարկումից դուրս են:
Հիմա ուշադրություն են դարձնում 1938-ի համաձայնագրին: Այդ տարվա քարտեզով Դավիթ Գարեջին Վրաստանի տարածքում է, և հիմա հարց է բարձրացվում, թե ինչու սահմանազատման համար հիմք չի ընդունվել այդ քարտեզը:
Այնուամենայնիվ, մասնագիտական-փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, անիմաստ է խոսել ինչ-որ քարտեզ թաքցնելու, մարդկանց մեղադրելու մասին, անորոշ շատ հարցեր կան՝ արդյոք երբևէ այդ քարտեզը քննարկվե՞լ է ադրբեջանական կողմի հետ, ինչո՞ւ դրա մասին խոսք բացվեց հատկապես Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ արդյո՞ք դրա նպատակը Սաակաշվիլիի թիմին վարկաբեկելը չէր: Մանավանդ որ կորած քարտեզի պատճենը անցած աշնանը Ռուսաստանից Վրաստան էր բերել պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և որպես հերոս ներկայանալով հայտարարել, թե հատուկ գործողությամբ օկուպանտ երկրից այլ կարևոր փաստաթղթեր են բերվել, որոնց մասին հիմա չի կարող խոսել:
Հայկական ուղղությամբ Վրաստանի սահմանին չառնչվող, բայց տարածաշրջանային էական փոփոխություններ տեղի ունեցան Ղարաբաղյան պատերազմի արդյունքում: Մի կողմից՝ Վրաստանը ողջունեց մարտական գործողությունների դադարեցումը, պատերազմի ավարտը, մյուս կողմից՝ Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում Թբիլիսիի համար հաճելի իրադարձություն չէ:
Ռուսաստանի հետ տարածաշրջանում ակնհայտորեն ուժեղացել է նաև Թուրքիայի դերակատարությունը, շուտով նաև սպասվում է Թուրքիայի ներկայությունը՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեսքով, Թուրքիայի նախագահն էլ առաջարկել էր 6-ի համագործակցության ձևաչափ ստեղծել Հարավային Կովկասում:
Վրաստանում Թուրքիայի դերակատարության ակտիվացմանը հիմնականում դրական են վերաբերվում: Մասնավորապես, քաղաքագետ Դավիթ Դավիթաշվիլին ասել է, որ Անկարայի դիրքերի ակնհայտ ամրապնդումը, չնայած հնարավոր ռիսկերին, ավելի գերադասելի է, քան Ռուսաստանի ռազմաքաղաքական մենաշնորհը: «Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան մնում է ռազմավարական գործընկեր Վրաստանի համար, Ադրբեջանի համար, և Թուրքիան պաշտպանում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքը՝ տարածքային ամբողջականության պահպանումը Հարավային Կովկասում: Այնպես որ, դա հավասարակշռում է թուրքական ազդեցության հնարավոր ռիսկերը, իսկ դա շատ ավելի պակաս ռիսկային է, քան Ռուսաստանի կայսերապաշտական ազդեցության ռիսկերը», - նշել է նա:
Քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ղարաբաղյան պատերազմը ինչ-որ տեղ կարող է նաև դրական հետևանքներ ունենալ, բայց՝ ոչ մոտ ապագայում: Նրա խոսքով՝ այդ պատմությունը Վրաստանի համար քիչ բան է փոխում: Ռուսական ռազմակայանը գտնվում է Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա, և Լաչինի մոտ ռուս խաղաղապահների տեղակայումը ոչինչ չի փոխում, ասել է նա՝ անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներին:
«Ցավոք, դեռևս որևէ փոփոխություն չի սպասվում օկուպացված մեր տարածքների հետ կապված: Ի տարբերություն Ղարաբաղի՝ այդ տարածքները ռուսական երաշխիքների տակ են; Սակայն տարածքներ վերադարձնելու նախադեպը մեր տարածաշրջանում կա, և Սուխումին ու Ցխինվալին պետք է մտածեն, որ ոչինչ մշտական չէ», - հայտարարել է Շարաշենիձեն: