Մատչելիության հղումներ

Սահմանազատման շուրջ վրաց-ադրբեջանական քննարկումները վերսկսվել են


«Սահմանազատման և սահմանագծման շուրջ պաշտոնական քննարկումները Բաքվի և Թբիլիսիի միջև վերսկսվել են», - հաղորդում է Վրատանի արտգործնախարարությունը։

Վրաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ, թեման քննարկվել է նախօրեին Թբիլիսիում՝ երկկողմ վրաց-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։

Դրանց մասնակցել են երկու երկրների փոխարտգործնախարարներ Լաշա Դարսալիան և Խալաֆ Խալաֆովը։

«Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են դեմարկացիայի և դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նոր նիստի անցկացման հեռանկարներին», - հաղորդում է Վրաստանի արտգործնախարարությունը։

Սահմանազատման շուրջ բանակցությունները երկու երկրների միջև դադարեցվել էին 2020-ին, այն բանից հետո, երբ Վրաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի երկու վրացի փորձագետների դեմ։

Իրավապահները պնդում էին, որ քարտեզագիրները, ադրբեջանական կողմի հետ քննարկումների ընթացքում, միտումնավոր կերպով սխալ քարտեզներից են օգտվել, ինչի հետևանքով միջնադարյան «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մի մասն անցել է հարևան երկրին։

XS
SM
MD
LG