2015 թվականից ի վեր առաջին անգամ այցելելով Վրաստան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ադրբեջանի նախագահի այցի մասին։
«Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանն ու պատրաստակամությանը, նախագահների հանդիպումը, ցավոք, չի կայացել։ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ է առաջիկայում պաշտոնապես ընդունել Ադրբեջանի նախագահին», - նշված է հաղորդագրությունում։
Վրաստանի նախագահի գրասենյակի այս հայտարարությունը սուր արձագանքներ է առաջացրել։ Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ասել է, որ Վրաստանի սահմանադրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է։ Նա բերել է Գերմանիայի օրինակը, ասելով, թե արտասահմանցի ղեկավարները այցելելով Բեռլին՝ հանդիպում են կանցլերին, բայց չեն հանդիպում Գերմանիայի նախագահին և դա որևէ արձագանք չի ստանում։
«Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ Սալոմե Զուրաբիշվիլին անտեղի հայտարարություններ է արել։ Պետք է զուսպ լինել ու աժիոտաժ չբարձրացնել այս հարցով», - ասել է նա։
Իսկ ընդդիմությունը գտնում է, որ «Վրացական երազանքի» կողմից նախագահական ինստիտուտի անտեսումը բռնապետություն հաստատելու փորձերի ապացույց է։ «Ազգային շարժման» խմբակցության ղեկավար Խատիա Դեկանոիձեն հայտարարել է, որ իշխանությունները որոշել են Ալևին ապահովագրել անհարմար թեմաներից, մասնավորապես վրաց-ադրբեջանական սահմանի Դավիդ Գարեջիի վիճարկելի հատվածի սահմանազատման թեմայից։
«Չմոռանանք, որ 2000 թվականի նախընտրական արշավն անցկացվել է «Գարեջին Վրաստան է» կարգախոսով, երբ «Վրացական երազանքը» օգտագործել էր ռուսական հատուկ ծառայությունների սարքած քարտեզները։ Երբ այդ հարցը նույնիսկ չի քննարկվում նախագահ Ալիևի հետ, դա նշանակում է, որ նրանց հետաքրքրում է միայն իշխանությունը պահելու հարցը, այլ ոչ թե Գարեջին»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին տարբեր առիթներով բարձրացրել է Վրաստան-Ադրբեջան սահմանագծին ընկած միջնադարյան քրիստոնեկան վանական համալիրի հարցը։ Սահմանը անցնում է համալիլի տարածքով, մի մասը ադրբեջանական տարածք է համարվում։
2019-ի փետրվարին Սալոմե Զուրաբիշվիլին այցելել էր Ադրբեջան, իսկ երկու ամիս անց, Զատիկի տոնին ընդառաջ գնացել էր Դավիթ Գարեջիի վանական համալիր։ Նրա այցը Դավիդ Գարեջի, ինչպես նաև ավելի վաղ Բաքվում արած հայտարարությունը, թե մինչև տարեվերջ պետք է լուծվի Դավիդ Գարեջիի համալիրում սահմանազատման հարցը, երկու կողմերում թեժացրել էր կրքերը։ Ադրբեջանի և Վրաստանի ակտիվիստները ակցիաներ էին կազմակերպել վանական համալիրի տարածքում։ Ադրբեջանի սահմանապահները փակել էին վրաց հոգևորականների ճանապարհը։ Ադրբեջանական կողմը բացառում է անգամ աննշան տարածք զիջելու հնարավորությունը։
Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների ավարտին Իրակլի Ղարիբաշվիլիի և Իլհամ Աիևի հոկտեմբերի 24-ի հրապարակային հայտարարություններում որևէ անդրադարձ չկար Դավիդ Գարեջիում սահմանազատում կատարելու հարցին։
Իսկ բանակցությունների վայրում՝ Թբիլիսից դուրս գտնվող Շատո Մուխրանի կալվածքում կազմակերպվել էր «Ղարաբաղյան խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացած էին Ղարաբաղում ադրբեջանական հետքերը։
Շատո Մուխրանիում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսում Ալիևը պատրաստակամություն է հայտնել Բաքվի, Թբիլիսիի և Երևանի միջև եռակողմ ձևաչափով քաղաքական խորհրդակցություններ սկսել, նշելով, որ եթե Հայաստանը պատրաստ է այդ կարելի է սկսել հենց այսօր։
Նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հարավային Կովկասում խաղաղության երաշխիքը կդառնա, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների պատուհան կբացվի։
Ադրբեջան-Վրաստան համագործակցության մասին Ալիևն ասել էր, որ Ադրբեջանը 3 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Վրաստանում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները այս տարի անցել են մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը։
Ալիևը նաև խոստացել էր ավելացնել տարածաշրջանով փոխադրվող էներգակիրների ծավալները, այդ թվում՝ վերագործարկել Բաքու-Սուպսա նավթատարը, որը հիմա չի գործում։
«Մենք հնարավորություն և պլաններ ունենք մինչև 2027 թվականը շուրջ 20 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Եվրոպա, բնականաբար մենք դա քննարկել ենք Վրաստանի վարչապետի հետ»,- ասել էր Ալիևը։
Համատեղ ասուլիսում Վրաստանի վարչապետը ասել էր, թե խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի։ Իսկ Ալիևի այցի ավարտից հետո Ղարիբաշվիլին Թվիթերում գրել է, թե ուրախ էր ընդունելու նախագահ Ալիևին։ «Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Վրաստանի միջև երկարատև ռազմավարական գործընկերությունը, հեռանկարներն ու ահռելի ներուժը։ Մեր ընդհանուր նպատակն է տարածաշրջանում ապահովել բարեկամություն, խաղաղ համագործակցություն և բարեկեցություն»։
Ադրբեջանական կողմում ուշադրությունը կենտրոնացնում են ՏրանսԿասպյան միջանցքով էներգակիրների և բեռնափոխադրումների ծավալները մեծացնելու հարցերի վրա։ Իլհամ Ալիևը հոկտեմբերի կեսերին Աստանայում կայացած Ասիական համաժողովի շրջանակներում այդ հարցը քննարկել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, իսկ երկու օր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Միջին միջանցք կոչվող այդ երթուղու խողովակաշարերի ու ճանապարհների նշանակությունը հատկապես բարձրացել է աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գրեթե խզվել կամ թուլացել են Ռուսաստան Արևմուտք տնտեսական կապերը։ Այս տարվա ինը ամիսների ընթացքում Միջին միջանցքով ավելի քան մեկ միլիոն տոննա բեռների փոխադրում է կատարվել, ինչը 2,7 անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։