2021 թվականին Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը լինելու է Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտումը։ Այս մասին նախօրեին, ամփոփելով իր ղեկավարած գերատեսչության անցնող տարվա գործունեությունը, հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը 2020 թվականին մեր ուշադրության կենտրոնում էին։ Այն պահից սկսած, երբ համաճարակաբանական իրավիճակը թույլ տա, մենք ամբողջությամբ նորացված դեմարկացիոն հանձնաժողովի ներգրավմամբ կվերսկսենք սահմանի ճշտման աշխատանքները։ Վրացական կողմը Ադրբեջանին արդեն իսկ փոխանցել է խնդրին վերաբերող նոր փաստաթղթերի փաթեթը։ 2021 թվականին այս հարցը մեր առաջնահերթությունների թվում է լինելու», - հայտարարում էր Զալկալիանին։
Վրացական դիվանագիտության ղեկավարի կողմից Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայով զբաղվող հանձնաժողովի կազմի թարմացումը պատահական չէր հիշատակվում։
Բանն այն է, որ այս տարվա աշնանը Թբիլիսիում աղմկալի սկանդալ ծագեց, երբ երկրի հատուկ ծառայությունները ձերբակալեցին Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայով զբաղվող հանձնաժողովի անդամներ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլիչևային։
Վրաստանի գլխավոր դատախազությունը պնդում էր, որ փորձագետները միտումնավոր կերպով թաքցրել էին 1938 թվականին թողարկված այն քարտեզները, որոնց հիման վրա պետք է ընթանար սահմանի դեմարկացիան։ Փոխարենը՝ Մելաշվիլին և Իլիչևան շրջանառության մեջ էին դրել 70-ական և 80-ական թվականներին թողարկված քարտեզները, որոնք վրացական կողմի համար այնքան էլ շահեկան չէին։ Որպես հետևանք, ըստ պաշտոնական Թբիլիսիի, իրական վտանգ կա, որ վրացական տարածքից շուրջ 3 հազար հեկտար կարող է անցնել Ադրբեջանին։
Հիշեցնենք նաև, որ վրաց-ադրբեջանական սահմանի ամենավիճելի հատվածը 6-րդ դարում հիմնադրված Դավիթ Գարեջի վանական համալիրի շրջանում է, որի հանդեպ հավակնություններ ունեն թե՛ Բաքուն և թե՛ Թբիլիսին։
Այս պահին վանական համալիրը փաստորեն կիսված է՝ մի մասը գտնվում է ադրբեջանական, մյուս մասը՝ վրացական կողմի հսկողության ներքո։ Մոտ երկու տարի առաջ Ադրբեջանը մեծացրեց այս հատվածում սահմանապահ հսկողություն իրականացնող զինվորականների քանակը, ինչը սուր դժգոհություն առաջ բերեց Վրաստանում՝ հատկապես եկեղեցական և մերձեկեղեցական շրջանակներում։
Մոտ երկու շաբաթ առաջ էլ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարեց, որ գալիք տարի Դավիթ Գարեջիի տարածքում վրացական սահմանապահ անցակետ կբացվի։ «Անցակետի շինարարության և դրա տեխնիկական հագեցման գործում ֆինանսապես աջակցելու է պաշտոնական Վաշինգտոնը», - ասել էր վրաց պաշտոնյան։