Մատչելիության հղումներ

Հարյուրավոր վրացիների մասնակցությամբ ակցիա «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ


Վրաստան - Ակցիան «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ, 28-ը մայիսի, 2019թ․
Վրաստան - Ակցիան «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ, 28-ը մայիսի, 2019թ․

Նախօրեին Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ հավաքվել էին Ադրբեջանի հետ սահմանի վիճելի հատվածում գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ` պահանջելով այս տարածքը վրացական պետության բաղկացուցիչ մաս ճանաչել:

Ակցիայի ամենասկզբում ցուցարարները կենդանի շղթա կազմեցին վանական համալիրի ամենաբարձրադիր կետում գտնվող Չիչխիթուրի աշտարակի շուրջ, այստեղ վրացական մեծ դրոշ տեղադրվեց, բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ հողային վեճը հանգուցալուծելու ուղղությամբ: Որպես հանգուցալուծում վրացի ակտիվիստները միայն մեկ տարբերակ են ընդունում` Բաքուն պետք է հայտարարի վիճելի հողատարածքի հանդեպ բոլոր տեսակի ոտնձգություններից հրաժարվելու մասին:

Իրադրությունը վանական համալիրի շուրջ սրվեց ապրիլին, երբ ադրբեջանական իշխանությունները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը համալիր` այդ քայլը պատճառաբանելով անվտանգության նկատառումներով: Որպես կանոն՝ ադրբեջանական կողմը նման քայլերի դիմում է Բաքվում անցկացվող միջազգային մարզական միջոցառումների ժամանակ: Վերջին խստացումները համընկան «Ֆորմուլա 1»-ի Բաքվի Գրան պրիի, ինչպես նաև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի այսօր կայանալիք եզրափակչի հետ:

«Դավիթ Գարեջի»-ի շուրջ իրադրությունը է՛լ ավելի սրվեց, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական իշխանությունները դեպի վանական համալիր տանող նոր ճանապարհ են կառուցում: «Սեփական տարածքում շինարարական աշխատանքների իրականացումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է», - շաբաթասկզբին հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ վրացիների շրջանում դժգոհության նոր ալիք բարձրացնելով:

Երեկ օրվա ընթացքում թե՛ վրացական ոստիկանության կազմում գործող սահմանապահ ստորաբաժանումները և թե՛ ադրբեջանցի սահմանապահները «Դավիթ Գարեջի»-ի մերձակայքում ուժեղացված հսկողություն էին իրականացնում: Չնայած դրան՝ ցուցարարների և իրավապահների միջև պարբերաբար թեժ վեճեր էին ծագում:

Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս Իլիա երկրորդը երեկ դիմեց բողոքի ակցիայի մասնակիցներին` կոչ անելով նրանց զերծ մնալ կտրուկ գործողություններից: Իլիա երկրորդը նույնիսկ ակնկարկում էր, որ երկու հարևան երկրների հարաբերությունները ինչ-ինչ երրորդ ուժեր են ցանկանում սրել:

Վրաստանի աշխարհիկ իշխանությունները ևս կոչ են անում իրենց քաղաքացիներին «Դավիթ Գարեջի»-ի շուրջ անհարկի լարում չստեղծել: Այս մասին հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

«Պետք չէ մոռանալ, որ մենք գործ ունենք բարեկամ պետության` Ադրբեջանի հետ: Առկա բոլոր վեճերը մենք պետք է լուծենք բանակցությունների միջոցով: Ցավոք սրտի, այս հարցը դեռ լուծված չէ: Թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները դեռ ավարտված չեն», - հայտարարում էր վրացական խորհրդարանի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG