Մատչելիության հղումներ

Վրաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվել է


«Դավիթ Գարեջի» վրացական վանական համալիրի շուրջ կրքերը կրկին բորբոքվել են. Բաքուն հարևան Թբիլիսիից պարզաբանումներ է պահանջում:

Ադրբեջանի հետ 446կմ ընդհանուր սահմանի մեկ երրորդ մասը կազմող և տասնյակ պատմական հուշարձաններ ներառող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը նախօրեին կրկին սրվել է, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրել են համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները և փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի տարածքում և այնտեղ սրբապատկերներ լինել չեն կարող:

Միջադեպից հետո «Դավիթ-Գարեջի» են ժամանել վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` պարեկություն սահմանելով վանական համալիրի հարևանությամբ:

Մինչ այդ՝ սահմանապահների գործողություններն ուղեկցվել են տեղացիների հետ բախումներով: Ըստ համացանցում տարածված տեսանյութերի համալիրի հարևանությամբ բնակվող վրացիները փորձել են կանխել ադրբեջանական ուժայինների կողմից սրբապատկերների տարհանումը՝ հնչեցնելով հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ:

Միջադեպի կապակցությամբ այսօր առավոտյան հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով տեղում հերթապահող ակտիվիստներին, տեղացիներին զերծ մնալ իրավիճակը սրելուց և թույլ տալ մասնագետներին զբաղվել իրավիճակի հանգուցալուծմամբ: Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները արտգործնախարարություն են կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին և բացատրություններ պահանջել ադրբեջանցի սահմանապահներին վիրավորելու միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանական կողմը, սակայն, չի պարզաբանում՝ ինչու են տարհանվել սրբապատկերները:

«Ցավով նշում ենք, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ոգուն և տեղի ունեցածը գնահատում ենք սադրանք, որն ուղղված է երկու երկրների միջև հակասություններ առաջացնելուն», - ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարությունում:

Պաշտոնական Բաքուն նաև պահանջել է հետաքննել տեղի ունեցածը, համապատասխան քայլեր ձեռնարկել և այդ մասին տեղեկացնել ադրբեջանական իշխանություններին:

Երկու երկրների միջև տասնամյակներ շարունակ կռվախնձոր դարձած վանական համալիրի շուրջ իրավիճակը սրվել է անցած ապրիլին, երբ ադրբեջանական իշխանությունները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը համալիր` այդ քայլը պատճառաբանելով անվտանգության նկատառումներով: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ադրբեջանական իշխանությունները դեպի վանական համալիր տանող նոր ճանապարհ են կառուցում:

«Սեփական տարածքում շինարարական աշխատանքների իրականացումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է», - հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ վրացիների շրջանում դժգոհության նոր ալիք բարձրացնելով, որը ժամանակ առ ժամանակ տեղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներով էր ուղեկցվում:

Վրացական կողմը պնդում է, որ 6-րդ դարում կառուցված համալիրը իր պատմական տարածքն է և վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը:

Ադրբեջանցիները իրենց հերթին համալիրն անվանում են Քեշիքչիդագ՝ այն համարելով կովկասյան ալբանացիներին պատկանող կոթող:

Վրաստանի և Ադրբեջանի՝ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, չնայած որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում 90-ականներից: Ամիսներ առաջ կողմերը կրկին պայմանավորվել են վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար, սակայն գործընթացը առայժմ տեղից չի շարժվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG