Վրաց հոգևորականները հոկտեմբերի 11-ից կարող են անարգել մուտք գործել վրաց - ադրբեջանական սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
Վրաստանի վարչապետը Բաքու է մեկնել երկու հարևան երկրների միջև կռվախնձոր դարձած «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակի լարվածության ֆոնին:
Հարյուրավոր կիլոմետրեր ձգվող վրաց-ադրբեջանական սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, ամիսներ առաջ կողմերը կրկին պայմանավորվել էին վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար: Այդ աշխատանքներին զուգահեռ, անցյալ շաբաթ Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում սահմանային ուղեկալի տեղադրեցին՝ հարուցելով վրաց եկեղեցու զայրույթը:
Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլյա երկրորդը իշխանություններին կոչ արեց պարզել վանական համալիրին մաս կազմող Չիչխիթուրի և Ուդաբնո եկեղեցիների պատկանելիությունը: Վարչապետին, արտգործնախարարին և ներքին գործերի նախարարին հղած բաց նամակում Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը հիշեցրել է, որ վրաց - ադրբեջանական սահմանին գտնվող վանական համալիրի տարածքը պատկանում է Վրաստանին: Իլյա երկրորդը նույնը պնդել է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին հղած նամակում: