Մատչելիության հղումներ

Երթ Արցախում՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով


«Բաքուն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ»

Ադրբեջանական կողմը, բնապահպանական պատրվակն օգտագործելով, առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ, այսօր Ստեփանակերտում հայտարարել է Արցախի նախագահը։

«Մեր ճանապարհում՝ Հայաստանի, չպիտի լինի Ադրբեջանի կողմից վերահսկողություն, դա լինի քաղաքացիական, քաղաքացիական հասարակության անվան տակ, էական չէ, եթե լինի, մենք չենք օգտագործելու այդ ճանապարհը», - ասել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը երեկ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո, Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ։

Դրանք, ըստ Հարությունյանի, բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել, և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար: Թե խոսքն ինչ առաջարկների մասին է, Հարությունյանը չի բացահայտել։

Պաշտոնյան միայն ասել է, որ չնայած դրան՝ արցախյան կողմը խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին է փոխանցել առաջարկներ, որոնց կատարման դեպքում պատրաստ կլինեն թույլ տալ այց Կաշենի հանքավայր:

Հարությունյանի խոսքով, Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով էլ արգելվել է նրանց մուտքը հանքավայր։ Այս միջադեպից հետո բնապահպան ներկայացող ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 13 օր։

«Գնդապետն ասաց՝ երկու օր համբերեք, ճանապարհը բացվելու է»

Մի քանի տասնյակ արցախցիներ միջանցքը բացելու պահանջով այսօր երթով շարժվել են դեպի ճանապարհի արգելափակված հատված։ Ադրբեջանցի ցուցարարներից ոչ հեռու գտնվող ռուսական անցակետի մոտ արցախցիները խաղաղապահներից պահանջել են՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։ Քաղաքացիները նույն պահանջով նաև երեկ էին մոտեցել ռուսներին։

Ըստ արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանի՝ այսօր իրենց ռուս գնդապետներից մեկն է դիմավորել և խոստացել, որ 2 օրից ճանապարհը բացվելու է։

«Մոտեցել ենք մի քանի հոգով, գնդապետի հետ խոսացել ենք, ասել ենք, որ տեսնում եք ժողովուրդն այ սենց հազարով պատրաստ են՝ երեխա-կին, ոտքով գան, իրենց պահանջները ներկայացնեն ձեզ։ Էդ գնդապետն ասաց, որ ամսի 26-ին լուրջ հանդիպում է և վերջնական այս ճանապարհը պետք է բացվի։ Նաև մենք խոսեցինք, որ խոսակցություն է գնում, թե ինչ-որ անցակետ են ուզում ադրբեջանցիները դնել, ասացին, որ նման բան չկա և խնդրեցին մեզ ուղղակի զսպվածություն ցուցաբերել, ասացին՝ երկու օր համբերեք, ճանապարհը բացվելու է», - «Ազատությանը» փոխանցեց «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը։

Թե կոնկրետ ինչ հանդիպման մասին է խոսքը, ռուս զինվորականն, ըստ Պետրոսյանի, չի հստակեցրել։ Հայտնի է, որ դեկտեմբերի 26-ից 27-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը։

Հայաստանի վարչապետի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նիստին, այլ հանդիպումների, մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ դեռևս չկան:

«26-ին սպասելու ենք, եթե 26-ին հանդիպումից հետո ճանապարհը չբացվեց, արդեն իջնելու ենք օդանավակայան՝ իրենց դիսլոկացիայի տեղը, ու այնտեղ արդեն հավաքներ, մուտք-ելք փակենք ու ասենք՝ դե դուք ճանապարհը բացեք, որ մենք էլ ձեր ճանապարհը բացենք», - ասաց Տիգրան Պետոսյանը։

Երկրորդ հիվանդն է Արցախից տեղափոխվել Երևան

Այսօր Ստեփանակերտից փակ միջանցքով Երևան է տեղափոխվել անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող 4 ամսական երեխա։ Ճանապարհի փակման 13 օրերի ընթացքում Կարմիր խաչի միջնորդությամբ սա երկրորդ հիվանդի տեղափոխումն է Արցախից։

«Ինքն ուներ «Վիսցերալ լեյշմանիոզ» ախտորոշումը, մեզ մոտ պառկած էր դեկտեմբերի 16-ից, 17-ին մենք հաստատել ենք ախտորոշումը, բայց ոչ մի հնարավորություն չունեինք տեղափոխելու։ Հիվանդությունը խիստ սպեցիֆիկ է, միշտ բուժվել է Երևանում՝ մասնագիտացված կենտրոնում, թե՛ մենք, թե՛ ծնողը դիմել ենք տարբեր կառույցներ և ստացել պատասխան, որ այս պահին ոչ մի ձև հնարավոր չի լինելու անցնել և մենք ստիպված բուժումը սկսել ենք մեզ մոտ՝ հասկանալով, որ երեխայի վիճակը ծանր է և պրոգրեսիվ կվատանա», - «Ազատությանը» փոխանցեց «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը։

Ստեփանակերտից երեկ հայտնել էին՝ Հանրապետական բժշկական կենտրոնում էլ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում 7 հիվանդ կա։ Արդյոք հայկական կողմը դիմել է Կարմիր խաչին նրանց ևս Հայաստան տեղափոխելու համար, Արցախի առողջապահության նախարարությունից չէին հստակեցրել։

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակից հայտնում են՝ կազմակերպությունը նաև համաձայնություն ունի վերադառնալիս սեփական մեքենաներով Ստեփանակերտ անհրաժեշտ դեղորայք տեղափոխելու համար։

«Մեքենաների հետադարձ ճանապարհին նախատեսվում է տեղափոխել որոշակի քանակությամբ դեղորայք։ Քանակի, տեսակի մասին չենք կարող խոսել, կարող եմ հաստատել, որ այդ տեղափոխումը և՛ս կատարվում է ըստ կարիքի և այդ կարիքի մասին մեզ հաղորդել են համապատասխան կառույցները՝ որոշում կայացնողները», - ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ստեփանակերտից տևական ժամանակ է՝ ահազանգում են՝ դեղորայքի պակաս ոչ միայն հիվանդանոցներում, այլև դեղատներում կա։ Արցախի գլխավոր շուկան գրեթե չի գործում, մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում փակվում են բանջարեղենի խանութները։ Իսկ մթերային խանութներում սպառվում են սննդի վերջին խմբաքանակները։ Որոշ խանութներում՝ անգամ ալյուր, աղ, շաքարավազ չկա։

Ճանապարհի բացման պահանջով արցախցիները պատրաստվում են նաև վաղը հանրահավաքի դուրս գալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG