«Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մարտահրավեր են նետում ռուսներին»
«Ռուս խաղաղապահները հայտնվել են թակարդում», - գրում է Վաշինգտոնում հիմնադրված «Քարնեգի» կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը, մանրամասնելով, - «արդեն իսկ հարցականի տակ է` կերկարաձգվի՞ արդյոք նրանց առաքելությունը 2025-ից հետո, իսկ եթե հիմա նրանք ուժ գործադրեն ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ, այդ հարցը կփակվի վերջնականապես»:
Հոդվածագիրն ընդգծում է` Ուկրաինայի դեմ պատերազմը ոչ թե ամրապնդել, այլ` թուլացրել է Ռուսաստանի դիրքերը. հիմա Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մարտահրավեր են նետում ռուսներին, իշխանական լրատվամիջոցները խաղաղապահներին կաշառակեր, հայամետ ու օկուպանտ են կոչում, մինչդեռ Մոսկվան որևէ բան չի կարող անել, քանի որ «ցանկացած պատասխան էլ ավելի կվատացնի իր առանց այդ էլ բարդ դրությունը»:
Ադրբեջանը, մինչդեռ, ըստ «Քարնեգի»-ի փորձագետի, մտադիր չէ ձեռնունայն դուրս գալ այս պատմությունից. -«Բաքուն պահանջում է ռուս խաղաղապահներից մաքսային վերահսկողություն սահմանել ճանապարհին, ինչպես նաև հստակ հետևել քաղաքական գծին, ըստ որի Ղարաբաղը աներկբա պետք է անցնի Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ»:
Ռուսաստանը, հաշվի առնելով ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակը, կնախընտրեր չշեղել ուշադրությունը Ղարաբաղի վրա, բայց տարբերակ չունի. հակամարտության զարգացումը հիմա կախված է Բաքվից, իսկ այնտեղ շահագրգռված են ամեն օր նորանոր անակնկալներ մատուցել, քանի որ «որքան քիչ լինի վաղվա օրվա հանդեպ հայերի վստահությունը, այնքան մեծ կլինի Ղարաբաղից հեռացողների թիվը», արձանագրում է «Քարնեգի»-ի վերլուծաբանը:
«Պետք է Ստեփանակերտի օդակայանը գործարկել` գոնե մարդասիրական կարիքների համար»
Ռուսական անկախ «Դոժդը» զրուցել է Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով այսօրվա Արցախը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սովետական զորքերի կողմից շրջափակված արևմտյան Բեռլինի հետ: Այդ ժամանակ տեղի «Տեմպելհոլֆ» օդակայանը Բեռլինի արևմտյան մասում պաշարված 2 միլիոն գերմանացիներին սնունդ ու դեղորայք հասցնելու միակ հնարավորությունն էր:
«Հիմա նույն կերպ պետք է օդային միջանցք բացել Ղարաբաղի համար` գործարկելով Ստեփանակերտի օդակայանը», - ընդգծել է Վարդանյանը, հավելելով, - «հումանիտար կազմակերպությունները, միջազգային կառույցները պետք է հասկանան, որ առանց մարդասիրական հարցեր լուծելու, անհնար է մյուսները քննարկել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հրեշավոր մի բան է»:
Լրագրողի հարցին` ի՞նչ պահանջներ է առաջ քաշում Բաքուն, և որքանո՞վ են հիմնավոր նրանց բնապահպանական մտահոգությունները, Ղարաբաղի պետնախարարը պատասխանել է` Ադրբեջանը Ստեփանակերտի հետ որևէ շփման չի գնում:
«Եթե բնապահպանությունն է խնդիրը, մենք առաջարկում ենք անցկացնել մոնիտորինգ` միջազգային անկախ ու հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ», - ասել է Վարդանյանը:
Բնապահպանությո՞ւնն է խնդիրը, կամ` ի՞նչ է ուզում Բաքուն
BBC-ն հարց է բարձրացնում` իսկ ովքե՞ր են այդ բնապահպան - ակտիվիստները: «Տեսանյութերից դատելով` մասնակիցների թվում կան Ադրբեջանի պետական կառույցների և անգամ թուրքական ընկերությունների աշխատակիցներ: Արտաքնապես ակցիան ավելի շուտ քաղաքականի, քան բնապահպանականի տպավորություն է թողնում. օդում պարբերաբար Ադրբեջանի մեծ դրոշն է ծածանվում, ցուցարարներից շատերը փաթաթված են ազգային եռագույնով, կանանցից ոմանք մորթե վերարկուներով են, ինչը էլ ավելի է խորացնում կասկածները նրանց` բնապահպան լինելու վերաբերյալ», - նշվում է BBC-ի հոդվածում:
Արձագանքելով այս կասկածներին` ադրբեջանցի անկախ լրագրող Շահին Ռզայևն ասել է` «ես այդ ակտիվիստներին ցույց կտայի` ինչ է կատարվում իմ հայրենի գյուղում, որտեղ նավթ են արդյունահանում: Նյութը բավարար կլիներ հինգ տարի բողոքելու համար»:
Իրականում, նշում է BBC-ն, ըստ փորձագետների, «Ադրբեջանի նախագահը նոր սրացումների է գնում, որպեսզի դրդի Հայաստանին շուտափույթ լուծել վիճահարույց հարցերն ու ստորագրել խաղաղության պայմանագիրը` Ադրբեջանին հարմար պայմաններով»: