Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Արտգործնախարարության հաղորդմամբ՝ նրանք քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։