Հայաստանը ոչ մի միջանցք չի կարող տալ Ադրբեջանին, «Ազատության» հետ զրույցում ասում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակնարկներին, թե ինքն էլ կարող է Լաչինում անցակետ դնել։
Վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Բաբայանը շեշտեց՝ փաստաթղթով Լաչին-Ղարաբաղ ճանապարհի պատասխանատուն Ռուսաստանն է, թող փակեն Ռուսաստանն էլ մտածի՝ ոնց է բացում։
«Եթե Արցախը Նախիջևանի նման դառնում է Հայաստանի մաս, ինքը կարա էդ անցակետը դնի, բայց քանի որ Ալիևը՝ խելոք տղեն, ասում է, որ Ղարաբաղն իր մի մասն է, ապա անցակետ դնելուց ինքը պետք է մտածի՝ դրանով ինքը ճանաչո՞ւմ է, որ Ղարաբաղն անկախ պետություն է, թե՞ ոչ», - ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը շեշտելով՝ չի կարծում, թե Ռուսաստանն էլ է ուզում, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածը կյանքի կոչվի։
«Ոչ մի միջանցք չենք կարա տանք, ուզում է իրենք լինեն, ով ուզում է լինի», - ասաց Բաբայանը։
Օրերս Շուշիում, Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը, Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է»։
«Երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի։ Որքա՞ն պետք է սպասենք», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ չհստակեցնելով, թե երբ և ինչ փաստաթղթերով է պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հարցով պարտավորություն ստանձնել:
Պաշտոնական Երևանի արձագանքը չուշացավ՝ միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար և Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է։
«Ես չեմ գտնում, որ Քոչարյանը կամ Սարգսյանը գան, ինչ-որ բան է փոխվելու»
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին, թե «պրոբլեմը Փաշինյանն է, եթե նա չլինի, դրությունը կփոխվի», Արցախի ԱԽ նախկին քարտուղարը շեշտեց՝ նախ, պիտի ասես՝ «թե ումով են փոխում Փաշինյանին», իսկ հրապարակում կանգնող ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գալով, Բաբայանն ասաց՝ չի կարծում, թե բան կփոխվի։
«Ես չեմ գտնում, որ իրենք որ գան, ինչ-որ բան է փոխվելու։ Կներեք, սենց կոպիտ արտահայտության համար։ Մեքենան փոխում ես օդանավով, ձին փոխում ես մեքենայով, բայց որ հետ եք գնում․․․, ես դրան համաձայն չեմ», - ասաց Բաբայանը։
Դիտարկմանը, թե նրանց ծրագիրը՝ ուժեղացնել բանակը, հետո կարելի է Շուշին, Հադրութն էլ հետ բերել, Արցախի ԱԽ նախկին քարտուղարն այսպես արձագանքեց․ - «Ուժեղացնել բառակապակցությունը նայած ով, ոնց է հասկանում, ինչ է հասկանում դրա տակ։ Ես չեմ կիսում այն բոլոր ուժեղացնողների կարծիքը, որը էսօր էլ, որ ուժեղացնում են մթամ և առաջներում ինչ-որ արել են, նրանց»։
Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․