Մոսկվայում Բայրամով-Լավրով հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են նաև Լաչինի միջանցքի իրավիճակը։
«Մենք հաստատեցինք, որ ռուսական խաղաղապահները բառացիորեն ամենժամյա աշխատում են իրավիճակը կարգավորելու համար՝ շփվելով համապատասխան կողմերի հետ։ Մենք հանդես ենք գալիս՝ որքան հնարավոր է շուտ վերականգնել տրանսպորտային լիարժեք հաղորդակցությունը և լուծել հանքավայրերի շահագործման տարաձայնությունները»,- ասել է Լավրովը։
Հայ-ադրբեջանական սահմանի ընդհանուր իրավիճակի մասին խոսելով՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին։
«Մենք մտքեր ենք փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցով, և մենք միակարծիք ենք, որ օպտիմալ լուծումը կլինի դելիմիտացիայի գործնական աշխատանքի մեկնարկը», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ ասել է Լավրովը, նշելով նաև, որ դրա համար ձևավորվել է հայ-ադրբեջանական համապատասխան հանձնաժողով, և կողմերը համաձայնել են աշխատել ռուսական խորհրդատվությունների աջակցությամբ։
Լավրովը նաև ընդգծել է, որ կարևոր է ապահովել այդ մեխանիզմի լիակատար, կայուն աշխատանքը, ձեռնապահ մնալ ուժի կիրառման նախադեպերից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես դիվանագիտական միջոցներով։
Մոսկովյան հանդիպմանը հայկական կողմի բացակայության վերաբերյալ Լավրովն ասել է, որ հանդիպումից հրաժարվելու համար Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։ Նրա խոսքերով՝ հայկական կողմի օգտագործած ինֆորմացիոն մեթոդը «հարցեր է առաջացնում»։
Ջեյհուն Բայրամովը պնդել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը «ադրբեջանական հանքավայրերի անօրինական շահագործումն է»։